Ալումյանի երեք բողոքները մեկ վարույթում կքննի մեկ դատավոր
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքները մեկ վարույթում կքննի մեկ դատավոր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ստացել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը: Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ իր բողոքները կքննվեն նոյեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները: Նախաքննություն իրականացնող ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչը նրանց ազատ էր արձակել՝ գտնելով, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Քննիչը գտել էր, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված երկու արարքներ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր նրա մահվան պատճառով:
Հայկ Ալումյանի այս բողոքները առանձին քնննող երեք դատավորներն էլ որոշում կայացրեցին բողոքը դատարանին հանձնելու մասին: