«Քննիչը ապացուցված է համարել, որ հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը կատարել է ՔՕ 104-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ». Հայկ Ալումյան

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ գրավոր պատասխան նախագահից չի ստացել: Միևնույն ժամանակ Էմիլ Բուդաղյանն ասաց, որ ՀՀ նախագահի պատասխանը Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և նրա թիկնապահին՝ Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելն էր: Հիշեցենք, որ ՊՆ քննչական ծառայությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որ գործով երկու մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, և նրանք ազատ են արձակվում:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ գործով երկու մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ստացել է միայն շաբաթ օրը երեկոյան: «Գիշերվա ժամը 11:00-ի սահմաններում, այսինքն՝ 12 ժամ անց այն բանից, երբ արդեն բոլորը գիտեին, որ քրեական հետապնդումը դադարեցվել է, և այդ անձինք ազատ են արձակվել, միայն քննիչը բարեհաճեց համապատասխան որոշումը տրամադրել ինձ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նաև նշեց, որ քննիչը ևս մեկ որոշում է կայացրել. նա ապացուցված է համարել, որ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը կատարել է ՀՀ քրեական  օրենսգրքի 104-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված արարքներ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է նրա մահվան կապակցությամբ: Հայկ Ալումյանն ասաց, որ ինքն այնպես էլ չի կարողացել հասկանալ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման տրամաբանությունը: «Այս որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի իրավաբանության հետ, այս որոշումը ոչ մի ընդհանուր բան չունի տրամաբանության հետ: Շատ դժվար է այս որոշումը վերլուծել իրավական տեսանկյունից: Շատ դժվար է այս որոշմանը տալ իրավական գնահատական: Այս որոշումներն ավելի շատ բժշկական գնահատականի կարիք ունեն, քան իրավականի»:

Հ. Ալումյանի խոսքով՝ մինչև բուն իրադարձությունը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանը ծեծի է ենթարկվել, ապա փողոցում նրան մեքենայից դուրս են հանել: Ըստ Հ. Ալումյանի՝ քննիչն այդ դրվագն այսպես է ներկայացրել. «Իբր ավտոմեքենայի մեջ ոչ թե Սուրիկ Խաչատրյանն է Զարզանդի հետ միասին հարվածել Ավետիք Բուդաղյանին, այլ Զարզանդն է Ավետիքին հարվածել, իսկ Սուրիկ Խաչատրյանը ավտոմեքենայի մեջ քնած է եղել: Դուք պատերացրեք այդ քնի խորությունը, որ ինքը ավտոմեքենայի մեջ քնած է եղել, երբ որ իր թիկնապահը հարվածներ է հասցրել Ավետիք Բուդաղյանին»,- ասաց Հ. Ալումյանը:  Միևնույն ժամանակ Հ. Ալումյանն ասաց, որ դեպքի վայրում հայտնաբերված 13 պարկուճներից 11-ը կրակված են եղել Ս. Խաչատրյանի կողմնակիցների կողմից:

Կարդացեք նաև

Բուդաղյանների փաստաբանը կարծիք հայտնեց, որ քննչական մարմնի նման որոշումը ստիպում է հավատալ, որ հնարավոր չէ հասնել արդարության, եթե մյուս կողմում քիչ թե շատ ազդեցիկ մարդ կա. «Ես չէի ուզի այդպես մտածել, բայց մեզ ստիպում են, որ մենք սկսենք մտածել այդպես»:

Փաստաբանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու են կայացված որոշումները:

Օֆելյա Հովհաննիսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս