Բաժիններ՝

Երկրաբանության թանգարանի տարածքը բարեկարգման կարիք ունի

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը ստեղծվել է 1937 թվականին:

Թանգարանի ստեղծման համար հիմք են ծառայել Հ. Կարապետյանի անձնական՝ թվով մոտ 4500 նմուշները: Տարիների ընթացքում, սակայն, բազմաթիվ երկրաբանների շնորհիվ թանգարանը համալրվել է: Թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ թանգարանում 13.000-ից ավելի նմուշներ են պահեստավորված, սակայն թանգարանում ցուցադրվում է դրանց 50%-ը միայն: Ըստ թանգարանի տնօրենի, բոլոր նմուշները միանգամից չցուցադրելն ընդունված կարգ է, ցուցադրված նմուշները պարբերաբար փոխարինվում են նորերով:

Գ. Գրիգորյանի խոսքով՝ այս ամենից, սակայն, այցելուները չեն տուժում, քանի որ ցուցադրված են բոլոր տեսակի ցուցանմուշները, որոնք կարևոր են ինչպես` գիտական, այնպես էլ` ուսումնական տեսանկյունից, դրանք նաև ճանաչողական նշանակություն ունեն:

Erkraban (4)

Կարդացեք նաև

«Ընդհանրապես թանգարանն իր նմուշների հիման վրա բաժանել ենք մի քանի բաժինների` Հնէաբանության բաժին, որտեղ ցուցադրվում է թանգարանի ամենահսկա նմուշը` փղի կմախքը և այլն: Թանգարանում ներկայացվում են ինչպես` կենդանական, այնպես էլ` մեր բուսական աշխարհի մնացորդները, որոնք շատ լավ արտահայտում են տվյալ ժամանակահատվածի մեր հայկական լեռնաշխարհը»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Որպես թանգարանային կարևոր ձեռքբերում՝ նա առանձնացրեց նախորդ տարի թանգարանում բացված Միներալների բաժինը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ավելի քան 25 երկրների միներալները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և այլն):

Հարցին՝ արդյոք թանգարանում առկա ցուցանմուշների 50%-ը չցուցադրելու պատճառը նաև տարածքի խնդի՞րն է, Գ. Գրիգորյանը պատասխանեց.

«Այստեղ նաև տարածքի խնդիր էլ ունենք, բայց ցուցանմուշների ամբողջական հավաքածուների չցուցադրումը ճիշտ է: Ինչ վերաբերում է հարցին՝ թանգարանը տարածքի խնդիր ունի՞, թե՞ ոչ, ապա՝ այո, տարածքի խնդիր ունենք, բայց ոչ ցուցանմուշների համար: Ամենահրատապ խնդիրը, որը կուզենայի նշել, հարակից տարածքի խնդրին է վերաբերում»,- ասաց թանգարանի տնօրենը` նշելով, որ թանգարանի հարակից տարածքի բարեկարգման հարցով, արդեն գրեթե 3 տարի է, իրենք դիմում են Երևանի քաղաքապետարանին, սակայն ապարդյուն: Նրա խոսքով՝ այն վիճակը, որը տիրում է թանգարանի տարածքում, հարիր չէ երկրաբանական կամ որևէ ակադեմիական մի թանգարանի: Տարածքն ասֆալտապատման խնդիր ունի:

Erkraban (3)

Erkraban (2)

«Փողոցից առանձնացվելու խնդիր կա: Մեր թանգարանն ունի էկոակումբ, և մենք այդտեղ հաճախ ենք դասընթացներ կազմակերպում, եթե այդ փոքրիկ հատվածը, որն ընդամենը 90քմ է իրենից ներկայացնում, բարեկարգվի, էկոակումբի երեխաների թիվը կրկնակի կավելանար, և մենք գարնանից մինչև աշուն մեր դասընթացները նաև բացօրթյա կարող էինք այդ հարակից տարածքում անցկացնել, քանի որ բավականին փորձեր կարող ենք կատարել, ինչը, սակայն, հնարավոր չէ սենյակային պայմաններում կատարել, ու դրանք բացօթյա տարածք են պահանջում»,- ասաց Գ.Գրիգորյանը: Նա նշում է, որ այժմ երիտասարդների շրջանում հետաքրքրություն կա երկրաբանության նկատմամբ, սակայն տարածքի խնդիր կա այդ ամենը կազմակերպելու համար: Նրա խոսքով՝ տարբեր բուհերի ուսանողներ և դպրոցականներ երկրաբանության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, և իրենք թագարանում երբեմն բաց դասընթացներ են կազմակերպում նրանց համար:

Առջևում ձմեռ է, սակայն թանգարանի տնօրենի փոխանցմամբ՝ իրենք անհանգստանալու խնդիր չունեն, քանի որ թանգարանն ունի լոկալ ջեռուցում, և կարող են ցուցանմուշները պահպանել ցրտից: Միաժամանակ նա նշեց, որ թանգարանն ունի օդափոխության խնդիր, որն այժմ մասամբ է կատարվում: Գ. Գրիգորյանն ասում է, սակայն, որ խնդիրներին աշխատում են համեմատաբար շատ չանդրադառնալ, որովհետև շատ հետաքրքիր և աշխույժ կյանքով է ապրում Երկրաբանական թանգարանը.

Erkraban (1)

«Մենք աշխույժ թանգարանային կյանքով ենք ապրում, կազմակերպում ենք տարբեր հանդիպումներ, խաղեր, էքսկուրսիաներ, դասընթացներ: Թանգարանը կրթական միջավայր է, որում առկա հսկայական ցուցանմուշների շնորհիվ` մենք կարողանում ենք մարդկանց իրազեկել երկիր մոլորակի և մեր Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների և էկոլոգիական խնդիրների մասին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի տեղյակ լինի և մտածի, թե ինչպես պետք է խնայել ու նաև մաքուր պահել մեր սահմանափակ ռեսուրսները»,- ասաց Գ. Գրիգորյանը` նշելով, որ երեխաներին անհրաժեշտ է դեռևս նախադպրոցական տարիքից էկոլոգիական կրթություն տալ, որպեսզի երեխան հասկանա, որ, օրինակ` էքսկուրսիայից հետո գետերը չպետք է աղբատար դառնան, կամ, որ բնական ռեսուրսները ոչ միայն իրենց, այլ նաև հետագա սերունդների համար են:

«Ընդհանրապես նախկին Սովետական Միության երկրներում էկոլոգիական խնդիրներին այնպես ուշադրություն չեն դարձրել, ինչպես մյուս երկրներում, և այդ բացը կա, ինչը, կարծում եմ, ընդամենը ժամանակի խնդիր է»,- ասաց Գ. Գրիգորյանը` նշելով, որ Հայաստանը լեռնային երկիր է և օգտակար հանածոներով շատ հարուստ, ուստի շատ կարևոր է արժևորել երկրաբանությունն ու երկրաբանական գիտելիքները: Ըստ նրա՝ մեր ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու պարագայում դրանք տնտեսությանը կարող են հսկայական հաջողություններ ապահովել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս