«Ոստիկանությունը ոչ միայն չի կանխել, այլև ինքն էլ մասնակից է եղել սրան». Զարուհի Փոստանջյանը՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ու իր համակիրների՝ Մաշտոցի պողոտայում կատարած գործողությունների առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետարքրքվեց, թե արդյոք 316 հոդվածը համարժե՞ք է ընտրված: Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, թե չի կարծում, որ ընտրված հոդվածները համարժեք են. «Երբ տեսնում ես կադրերը, տեսնում ես, որ Շանթը նորմալ իր բնականոն ընթացքով տեղաշարժվում է, թե հետո ով է գալիս ու փորձում իրեն խոչընդոտել… Այս խոչընդոտման խնդիրն է, ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել հանրային կարգը։ Ոստիկանությունը, որը պետք է ունենար տվյալներ, որ մարդիկ կային, որոնք պետք է հրահրեին, այդ մարդկանց նախապես պետք է կանխեր, որպեսզի խաղաղ երթը հնարավորությւոն ունենար իր տրամաբանական ավարտին գալ տվյալ պարագայում: Ես հասկանում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն չի կանխել, այլև ինքն էլ մասնակից է եղել սրան: Ես ինքս իմ աչքեով տեսա, թե ինչպես մի կնոջ բռնութամբ տեղափոխում էին, բայց ի՞նչ իրավունքով, այդ տիկինն ի՞նչ էր արել: Ոստիկանության կոմից իրականացված ցանկացած քայլ պետք է լինի իրավաչափ ու համարժեք, ի՞նչ էր արել այս կինը, որ փորձում էին բռնությամբ տեղաշարժել»: Ինչ վերաբերում է հենց բուն հեղափոխության փորձին, ապա Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Շանթ Հարությունյանի ընդվզումն արդարացի էր: Նրա գնահատմամբ, ընդվզումը բնական է: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ բոլոր իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան, պատասխանատուն ՀՀ ոստիկանությունն է, որովհետև եթե կային խնդիրներ, ոստիկանությունը նախապես կարող էր կանխել սպասվողը. «Կային օպերատիվ տվյալներ, և իրավիճակը վերահսկելու համար բավարար միջոցներ կարող էին նախաձեռնել: Եթե ցանկանային, կարող էին կանխել. կադրերի մեջ երևում է, որ կային մարդիկ, որոնք հրահրում էին, արհեստականորեն ստեղծում էին նման վիճակ: Այդ մարդիկ, ըստ որոշ տվյալների, ոստիկանության աշխատակիցներ են եղել»: Զ. Փոստանջյանը տարօրինակ համարեց նաև այն, որ միջադեպի ժամանակ տարածքում են եղել նաև Սամվել Ալեքսանյանն ո Ռուբեն Հայրապետյանը. «Այդ տարածքում այդ օրն այցելել էին Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, ինչը շատ տարօրինակ է, չնայած որ դա իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքն է, բայց ինձ համար տարօրինակ էր, թե այդ անձինք Ազատության հրապարակում հեղափոխությանը մասնակցությունն ինչպե՞ս են իրենց պատկերացնում»: