«Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետևից գնալն էր». Ասում է Շանթ Հարությունյանի հայրը
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր որդու արարքը, ճի՞շտ էր այս քայլին դիմելը, գուցե ծայրահե՞ղ էր:
– Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետևից գնալն էր, և պրովոկացիոն ձևով սարքեցին էդ բոլորը, էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ, ես հիմա տեղյակ չեմ՝ իրավիճակը ոնց ա, ինչ ա, ինչ ա կատարվել, ինքը ինչ վիճակում ա… ի՞նչ գիտեք, որևէ բան գիտե՞ք իր մասին:
– Բերման են ենթարկել…
– Նենց լուրջ բաներ կատարվել ե՞ն, լուրջ դեպքեր եղե՞լ են, թե՞ չէ:
– Պայթյուններ են եղել, լարված իրավիճակ…
– Պայթյունները ոստիկանությունը կսարքի, էդ հեչ, պրովոկացիան КГБ-ն կանի… Պայթեցնելը ոչ մի իմաստ չուներ, որ էնտեղ պայթեցներ:
– Դուք նախապես տեղյա՞կ էիք, որ ինքն ինչ-որ բան էր ծրագրել:
– Ես իմացա, որ ինքը Ազատության հրապարակում նստացույց է անում և ասում է՝ ես հեղափոխություն եմ անում, էդքան բան գիտեի:
– Բայց հայտարարել էր բենզինի շշերով հեղափոխության մասին:
– Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երևույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետև կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչև անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ:
– Ի՞նչ եք կարծում՝ Ձեր որդուն ինչ է սպասվում հիմա:
– Ես չեմ իմանում՝ ինչպես իրանք կորոշեն, ընդհանրապես մեր ընտանիքի դեմ թշնամաբար է КГБ-ն տրամադրված, հատկապես՝ Մոսկվայի կողմից: Հայրս նստել ա, մայրս նստել ա, եղբայրս նստել ա, ես նստել եմ, տղաս նստել ա… էդ կոմունիստների կարգերում, նենց որ՝ հնարավոր չի, կամ պետք ա, ինչպես ինձ ասեցին՝ հեռացի երկրից, վտարեցին, նույնը թող անեն Շանթին: Շանթը իրա տեսակով մեր ցեղն ա, հեղափոխականի տեսակ ա ինքը: Իրա խառնվածքը հեղափոխականի խառնվածք ա, ինքը արդարություն սիրող անձնավորություն ա: Ամբողջ էս երևույթը երկրի մեջ կատարվող անարդարացի վերաբերմունքի հետևանքն ա:
– Մոտավորապես նշում էր՝ ինչ քայլերի պիտի դիմի, անգամ ծայրահեղ քայլերի մասին էր խոսում, մինչև իսկ «Պուտինին դիմավորելու»: Դուք իրեն հայրաբար ինչ-որ խորհուրդներ տվե՞լ եք, խոսե՞լ եք իր ծրագրերի մասին:
– Ոչ, ես էդ թեմայի շուրջ երբեք չեմ խոսել: Ինձ հետ ինքը երբեք էդ թեմայի շուրջ չի խոսացել:
– Երեկ չգիտեի՞ք անգամ, որ այսօր խաղաղ երթ պիտի կազմակերպվի:
– Ես խաղաղ երթի մասին գիշերը իմացա, կարդացի թերթերից մեկում, չեմ հիշում, «168 ժամ» թերթն էր կարծեմ, էդտեղ կարդացի, իսկ իրա հետ կապվելու հնարավորություն չկար ոչ մի կերպ:
– Վերջին անգամ ե՞րբ եք իր հետ խոսել, երեկ ընդհանրապես չե՞ք խոսել:
– Չէ, չէ, չեմ խոսել, որովհետև էս քանի, երևի երկու շաբաթ ա՝ ինձ հետ ինքը սկայպով չի կապվում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: