
Ոստիկանները պահել են հասարակական կարգը, իսկ հավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին և դրա ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին, ասաց, որ դատապարտում է ցանկացած օրինախախտում:
Ի պատասխան կայքի հարցի, թե ինչպես կգնահատի դա, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը:»
ՀՀԿ խոսնակը հավելեց, որ օրենքի ցանկացած ոտնահարում պետք է պատժվի՝ օրենքի տառով անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը:
Ի պատասխան հարցի, թե ութ ոստիկանի վիրավորվելու, իսկ մեկը դանակահարվելու փաստին ինչպես է վերաբերվում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հայ ոստիկանի դանակահարությունը խստագույն դատապարտելի արարք է: «Եվ բոլոր նրանք, ովքեր նման հանցագործություն են կատարել, պետք է խստագույնս պատժվեն»,-ասաց ՀՀԿ խոսնակը: