Բաժիններ՝

Ամբաստանյալի մայրը դիմել է Սերժ Սարգսյանին

Ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանի մայր Ա.Սարգսյանն այսօր դիմում է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.

Մեծարգո պարոն Նախագահ,

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով, առանց որևէ լուրջ ապացույցի, որդուս` Գուրգեն Գասպարյանին 2012 թվականի մայիսի 19-ին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրան մեղադրում էին, թե իբր «2009 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 02:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձանության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի և Անուշավան Սահակյանի հետ և իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամաս: Այնտեղ Ռոմեն Բարսեղյանը սպասել է ավտոմեքենայում, հսկել տարածքը, իսկ ինքը, Անուշավան Սահակյանը, Մանուկ Մանուկյանը և Արսեն Գրիգորյանը` դանակով, 9մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զինված և դիմակավորված, կոտրել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի Մաշտոցի փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան և տանը քնած ամուսիններ Փորսոր Նավոյանի և Մոսկով Ռավոյանի ոտքերն ու ձեռքերը կապելով` վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս,  հափշտակել խոշոր չափերի`  908,000 ՀՀ դրամին համարժեք 1600 եվրո գումար, 10.000 ՀՀ դրամ, մեկ հատ 25.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի»:

Քրեական գործը 2012 թվականի օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Բայց ի՞նչ քննություն, եթե դատավոր Վ.Խալաթյանը, որը իբր պետք է քններ ու պարզեր` մեղավոր է Գուրգեն Գասպարյանը, թե` ոչ, դեռևս 2011 թվականին, երբ քննել էր Ռոմեն Բարսեղյանի և Արսեն Գրիգորյանի վերաբերյալ գործը, նույն թվականի ապրիլի 18-ի դատավճռով ոչ միայն Ռոմեն Բարսեղյանին և Արսեն Գրիգորյանին էր մեղավոր ճանաչել այդ ավազակային հարձակումը կատարելու համար, այլև` առանց որդուս մասնակցության` ՙհեռակա կարգով՚ նրան նույնպես մեղավոր էր ճանաչել այդ հանցագործության կատարման մեջ և դեռևս 2011 թվականին արդեն հաստատված էր համարել 2012 թվականի մայիսի 19-ին նրան առաջադրված մեղադրանքը:

2011 թվականի ապրիլի 19-ին կայացված դատավճռում դատավոր Խալաթյանը նշել էր. ՙԱյսպիսով, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցների գնահատմամբ, դատարանն ապացուցված է համարում արարքները, որոնց կատարման մեջ մեադրվում է ամբաստանյալ Ռոմեն Բարսեղյանը, այն, որ նա 2009 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 02:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձանությամն գալով Արսեն Գրիգորյանի, Մանուկ Մանուկյանի և Գուրգեն Գասպարյանի հետ` վերջինիս «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամաս, որտեղ Ռոմեն Բարսեղյանը սպասել է ավտոմեքենայում, հսկել տարածքը, իսկ Արսեն Գրիգորյանը, Մանուկ Մանուկյանը և Գուրգեն Գապարյանը կոտրելով Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի Մաշտոցի փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան, տանը քնած ամուսիններ Փորսոր Նավոյանի և Մոսկով Ռավոյանի ոտքերն ու ձեռքերը կապելով` վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս և հափշտակել խոշոր չափերի` 908,000 ՀՀ դրամին համարժեք 1600 եվրո գումար, մեկ հատ «Սամսունգ» տեսակի հեռախոս ու դիմել են փախուստի»:

Ամբողջությամբ նույն մտքերն են: Այսքանից հետո դատավոր Վ.Խալաթյանն ինչպես պետք է դեմ գնար իր իսկ կայացրած որոշմանը:

Հենց դատաքննության սկզբից պարզ դարձավ, որ դատավորը ձևական քննություն է կատարում և նպատակ էլ չունի նորմալ ուսումնասիրել ապացույցները: Ամբողջ դատաքննության ընթացքում դատախազը ոնց ասում էր, դատավորն այդպես էլ անում էր ու իրենց նպատակն էր` ինչքան կարող են շուտ ավարտեն գործը ու դատապարտեն որդուս:

Դատախազության միակ ապացույցը, թե իբր որդիս մասնակցել է այդ ավազակային հարձակմանը, դա Ռոմեն Բարսեղյանի ցուցմունք էր, որը բոլորն էլ գիտեին, թե ինչ ձևով էին պոկել: Ռոմենին սկզբից լավ ծեծում են, որ ցուցմունք տա, հետո նրանից իմանալով, որ հանցագործությունը կատարել են որդուս ավտոմեքենայով, նաև շատ լավ իմանալով, որ որդիս բիզնեսով է զբաղվում, ինչ-որ ակնկալիքներ ունենալով, ոստիկանները սլաքները ուղղում են որդուս վրա և պարտադրում, որ գրի, թե որդիս էլ է իրենց հետ ավազակություն կատարել: Բայց իրականում իր ավտոմեքենան որդիս կնոջ քրոջ ամուսնու` Անուշավան Սահակյանի /նույն գյուղի բնակիչ/ խնդրանքով տվել էր նրան, ով հանդիսանում է Ռոմենի մտերիմ ընկերը: Ռոմենը տեսնելով, որ ոստիկաններն Անուշավանի մասին ոչինչ չեն խոսում և ուզում են, որ որդուս անունը տա, չդիմանալով այդ ծեծին, ընկերոջ` Անուշավանի անունը չի տալիս և նրա փոխարեն ասում է, թե Գուրգենն է իրենց հետ եղել: Բացի ծեծելը, Ռոմենին ասում են, որ եթե ցուցմունք տա Գուրգենի վրա, իրա հոդվածը կթեթևացնեն, այնպես կանեն, թե իբր ինքը տուն չի մտել ավազակության ժամանակ ու ավելի քիչ կդատվի:

Այս ամենի մասին, նաև որ Անուշավանի փոխարեն Գուրգենին են դատել, ամբողջ գյուղը գիտի, բայց ոչ մի պաշտոնյա այդպես էլ չցանկացավ պարզել իրականությունը: Հերիք է մեկը մտնի գյուղ, չասի, թե ովա ու հարցուփորձ անի այդ դեպքի մասին, բոլորն էլ կասեն, թե իրականում ինչ է եղել:

Այս ամեն ինչը դատախազն ու դատավորը լավ գիտեին, դրա համար էլ հենց սկզբից որոշել էին, որ Ռոմենին ամեն գնով չպետք է դատարան բերեն հարցաքննության, իսկ երբ որդուս փաստաբաններն էլ միջնորդեցին, որ նրան բերեն հարցաքննության, դատավորն ու դատախազը իրար լրացնելով մերժեցին այդ միջնորդությունը:

Որդուս փաստաբանները դատարանում հատ-հատ ապացուցեցին, որ Ռոմենը ճիշտ ցուցմունք չի տվել, որ նրա ցուցմունքները հաստատ թելադրված են եղել, որ նույնիսկ Ռոմենի մի քանի անգամ տված ցուցմուքններն են հակասում իրար, նաև ցուցմունքի մի մասը հակասում է մյուս մասին և գործում եղած մյուս բոլոր ապացույցներին:

Դատարանում բազմաթիվ վկաներ ցուցմունքներ տվեցին, որ Գուրգենը այդ դեպքի ժամանակ այլ վայրում է եղել ու չէր կարող մասնակցել այդ հանցագործության կատարմանը: Այդ ցուցմունքները հաստատվեցին նաև բազմաթիվ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումներով, բայց դրանցից ոչ մեկը դատավորը հաշվի չառավ, չասեց էլ, թե ինչի հաշվի չի առնում: Բայց դեռևս այդ վկաների կողմից ցուցմունքներ տալու ժամանակ պարզ էր, որ դատավորը դրանք հաշվի չի առնելու:

Օրինակ` Գուրգենի կնոջ` Աննա Կակոյանի կողմից ցուցմունք տալու ողջ ընթացքում դատավորն այնպիսի բաներ էր ասում, որ բոլորին էլ պարզ է, որ չի հավատում նրան: Երբ Աննան հայտնեց, որ 2009թ. նոյեմբերի 2-ին իր հարևան Ցողիկ Նիկոյանը մի քանի անգամ զանգահարել է իրեն և ամուսնու հետ հրավիրել իրենց տուն, դատավորն ընդատելով ասեց` «ինչ էր եղել, սենց դիվադադար էին անում, հանգիստ չէին թողնում մարդն իր գործով զբաղվի, բիզնեսա անում մարդը, զբաղվածա գործով, սենց չոքել են բկին. չէ պիտի գաք մեր տուն», իսկ դրանից հետո էլ ասեց.ՙԻնչ լավա, որ տենց հարևան չունենք՚:

Այս և նմանատիպ այլ արտահայտություներից հետո որդուս պաշտպաններն այլևս չդիմանալով դատավորին ասացին, որ նա կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում և արդեն իսկ գնահատականներ է տալիս ապացույցներին` Գուրգեն Գասպարյանի և Աննա Կակոյանի ցուցմունքներին: Որին ի պատասխան դատավորն ասաց. ՙԲոլոր դեպքերում նորմալ մարդը, թեկուզև հարևանը, ժամը 12-ին մեկը մյուսի տուն չի գնա թեկուզև հրավիրեն ու ստիպեն, որովհետև, որովհետև դա էն ժամնա, երբ մարդիկ տներում հանգստանում են:

Իրականում որդիս և հարսս այդ ժամին գտնվել են հարևանների` Հակոբ Սերոբյանի և Ցողիկ Նիկոյանի տանը, ովքեր դատարանում նույնպես հաստատեցին այս ամենը, դրանք հաստատվեցին նաև այլ վկաների ցուցմունքներվ և հեռախոսազանգերի վերծանումներով, բայց դատավորն արդեն ասել էր, որ նորմալ մարդն այդ ժամին հյուր չի գնում, էլ ո՞նց պետքա ասեր, որ այդ վկաները ճիշտ ցուցմունք են տալիս:

Դրանից ելնելով էլ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեին դատավորին, որպեսզի այլ դատավոր քննի գործը, բայց դատավորն իր ՙսև՚ գործը պետք է ավարտեր ու մերժեց այդ միջնորդությունը:

Եթե իրականում Անուշավանի փոխարեն որդուս չեն դատել, էդ ո±նց եղավ, որ այդ «ճիշտ ցուցմունք տվող» վկան` Ռոմեն Բարսեղյանը, չէր հայտնել Անուշավանի մասին, բայց երբ որդուս բերեցին Հայաստան և նա հայտնեց, որ իրականում իր ավտոմեքենան տված է եղել Անուշավանին, միանգամից Անուշավանին էլ հետախուզում հայտարարեցին: Բա մինչև դա չգիտեի՞ն, որ էլի մարդա եղել: Իսկ դատավորն էլ որդուս դատավճիռը գրելուց, հիմա էլ առանց Անուշավանի մասնակցության, հաստատված համարեց, որ նա էլ է մասնակցել այդ ավազակությանը:

Այս ի±նչ երկիր է: Հիմա էլ, դեռ որդուս դատավճիռը օրինական ուժի մեջ չմտած, դատախազությունը հաղորդում է պատրաստում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ու արդեն ներկայացնում է, որ այդ ավազակության կազմակերպիչը որդիս է եղել, որ հաստատված փաստ է, որ նա է այդ ամենի հեղինակը եղել ու հափշտակված գումարն էլ ամբողջութամբ իրեն է պահել: Այս եղանակով էլ փորձում են վերաքննիչ դատարանի վրա ազդեն` որ արդեն հաղորդում էլ ենք սարքել, որ դեպքը բացահայտել ենք, հանկարծ չփորձեք ճիշտ որոշում կայացնեք ու արդարացնեք Գուրգենին:

Հարգելի պարոն Նախագահ,

Գրելու ու ներկայացնելու շատ բան կա, բայց ես չեմ կարող լրիվ ներկայացնել, դրա համար էլ դիմումիս կցում եմ վերաքննիչ բողոքի պատճենը, դրանում մանրամասն նշված են և՛ ոստիկանների, և՛ դատախազի, և՛դատավորի ապօրինություններն ու շահագռգռվածությունը:

Շատ եմ խնդրում, հանձնարարեք, որ Ձեր աշխատակիցները կարդան այդ բողոքը:

Ոչ մի նորմալ իրավաբան այդ գործին ծանոթանալուց հետո չի կարող ասել, որ որդիս մեղավոր է, էլ չեմ ասում, որ եթե համագյուղացիներին էլ հարցուփորձ անեն, հաստատ կիմանան, որ Գուրգենն այդ հարցագործության կատարմանը չի մասնակցել:

Ես չեմ խնդրում, որ որդուս ազատ արձակեն, ես խնդրում եմ, որ այս գործը մատների արանքով չանցկացնեն, իրենց «ապահովության համար դատավորները մարդկանց ճակատագրի հետ չխաղան ու օբյեկտիվ դատ անեն: Այդ դեպքում կպարզեն, որ որդիս մեղավոր չէ:

Ոնց կարելիա չարած բանի համար, ինչ-որ պաշտոնյաների ցանկությունից կամ ակնկալիքներից ելնելով, անմեղ մարդուն դատապարտել 10 տարվա ազատազրկման, կտրել ընտանիքից, անչափահաս երեխաներին թողնել առանց խնամքի, մենակ թե ասեն, որ էս գործն էլ բացահայտեցին…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս