«Հիմի ի՞նչ… էրթանք մեզի մոստից գցե՞նք». ակցիա նախագահական նստավայրի դիմաց (տեսանյութ)
Նախագահական նստավայրի առաջ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր ճանաչված Գուրգեն Գասպարյան հարազատները: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը ապացուցված է համարել ամբաստանյալի մեղքը գողության մեջ և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման: Գուրգեն Գասպարյանի հարազատները պնդում էին, որ նա անմեղ է, դատարանը նրան մեղավոր է ճանաչել առանց ապացույցների: Ըստ հարազատների՝ Գուրգեն Գասպարյանի դեմ ցուցմունք է տվել մեղադրյալներից մեկը, ով հետագայում հերքել է իր ցուցմունքները: Գուրգեն Գասպարյանի մայրը՝ Անահիտ Սարգսյանը, նշեց, որ որդին գողության դեպքի օրը տանն է եղել, հետևաբար՝ չէր կարող մասնակցած լինել դրան:
Մոր տեղեկացմամբ՝ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռն արդեն բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան և պահանջում են, որ վերջինս արդար քննություն իրականացնի: Վաղը հարազատները պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ նախագահին և կրկին անգամ արդարություն պահանջել: «Եթե իմ երեխեն այդ ամենի մեջ եղած եղներ, ես ընձի թույլ չէի տա գայի, հասնեի ստեղ: Լավ իմացե՛ք: Ես ինձ թույլ չէի տա: Հերիք եղավ էլի: Վերջը ի՞նչ եք ուզում: Հիմի ի՞նչ… էրթանք մեզի մոստից գցե՞նք»,- ասաց Գուրգեն Գասպարյանի մայրը:
Քրեական գործի մասին ամմբաստանյալի պաշտպանի տեսակետը կներկայացնենք առաջիկայում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: