
Պահանջում են հրապարակային ծառայողական քննության անցկացում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը հայտարարեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» «Ժանգոտ կողպեք» մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում: Կենտրոնն իր կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք և առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին և պահանջում հրապարակային ծառայողական քննության անցկացում: Շնորհակալություն համագործակցության համար»:
«Բարև Երևան» խմբակցություն