
Խարկովում Աստղերի ծառուղուց գողացել են Դելոնի, Բելմոնդոյի եւ Ռիշարի ցուցանակները

Խարկովում գտնվող Աստղերի ծառուղուց անհայտ անձը կամ անձինք գողացել են ֆրանսիացի հանրահայտ կինոաստղեր Ալեն Դելոնի, Ժան Պոլ Բելմոնդոյի եւ Պիեռ Ռիշարի անուններով բրոնզե ցուցանակները, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
«Կիրակի գիշերը վանդալները տարել են երեք ցուցանակները: Եւ պատկերացնո՞ւմ ենք` ում. Դելոնի, Բելմոնդոյի եւ Ռիշարի: Կարծում եմ, դա կարող է ինչ-որ էրոտոմանուհի լինել, ով կկախի այդ ցուցանակներն իր ննջասենյակում ու ամեն օր, ամեն գիշեր այնտեղ մտնելով` կպատկերացնի այդ գեղեցիկ տղամարդկանց»,-հայտարարել է Խարկովի վարչակազմի հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Վիկտորյա Մարենիչը հրավիրված ասուլիսում:
Նա նաեւ խոստացել է, որ ստորագրություններով ցուցանակները կվերականգնվեն: