Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում
Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հասկացնել է տվել, որ պատրաստ է մարտահրավեր նետել վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ հաջորդ տարվա ամռանը երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելով սեփական թեկնածությունը:
Պատասխանելով երկրորդ անգամ սեփական թեկնածության առաջադրման մասին հարցին՝ Գյուլը հայտարարել է, որ դեռ վաղ է այդ հարցում որոշում ընդունելը՝ միևնույն ժամանակ չբացառելով նման հնարավորությունը. «Բոլոր տարբերակները բաց են»:
Գյուլն ընդգծել է, որ Էրդողանն իր ընկերն է, և ոչ թե մրցակիցը և հերքել է իրենց միջև քաղաքական տարաձայնությունների առկայության մասին խոսակցությունները, որոնք առնչվում են ալկոհոլի օգտագործման և կանանց կողմից հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու հարցերին.
«Մենք Թայյիփ Էրդողանի հետ միասին ստեղծել ենք իշխող (Արդարություն ու զարգացում) կուսակցությունը, մենք նրա հիմնադիրներն ենք: Մենք միասին մասնակցել ենք կառավարության աշխատանքներին, և միասին փոխել ենք Թուրքիան: Էրդողանն իմ ընկերն է, և մենք ուս ուսի տված աշխատել ենք այս ողջ տարիներին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անցկացված վերջին հարցախույզները վկայում են, որ Աբդուլլահ Գյուլի վարկանիշը շատ ավելի բարձր է՝ քան Էրդողանի վարկանիշը: 2014 թվականի նախագահական ընտրություններում նոր նախագահին հնգամյա ժամկետով պետք է ընտրի ժողովուրդը: Մինչդեռ 2007 թվականին Աբդուլլահ Գյուլը 7-ամյա ժամկետով Թուրքիայի նախագահ է ընտրվել երկրի խորհրդարանի կողմից: