Բաժիններ՝

Հարգված տղեն չպիտի «կոտրվի». Ի՞նչ են արել ՌՈ աշխատակիցները հոսպիտալում

Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպը բավականին մտահոգել է իրավապաշտպաններին, ովքեր գտնում են, որ զինվորների նկատմամբ ոչ միայն զորամասերում, այլ նաեւ հոսպիտալներում լուրջ վերահսկողություն չի իրականացվում:

Զինվորական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, ասել է. «Առաջինը, բնական է, վերահսկողության պակասն է, եւ երկրորդը՝ փաստորեն մեր բանակում, ես բազմիցս ասել եմ, կանոնադրական փոխհարաբերությունները վերածվել են, այսպես ասած, գողական փոխհարաբերությունների: Զինվորները գնում են զինվորական զգեստներ են հագնում, սակայն իրենց պահում են փողոցայինի նման, չեն հարգում մեր «ուստավը», չեն հարգում զինվորական կանոնագիրքը, կանոնադրությունը, եւ դա գալիս է սպաներից»:

Ըստ իրավապաշտպանի՝ սպաներն են զինվորներին նման հոգեբանությամբ դաստիարակում: «Որ մատնել չի կարելի, հարգված տղեն պիտի մաքրություն չանի, հարգված տղեն պիտի «չկոտրվի»… եւ նույնը կենցաղային հողի վրա պետք է տեղի ունեցած լիներ հոսպիտալում»,- ասել է Ռ. Մարտիրոսյանը:

Իրավապաշտպանը նշում է, որ բանակում զինվորը պետք է ծառայի ոչ թե չգրված օրենքներով, այլ հակառակը:

Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կատարվածի վերաբերյալ այլ գնահատականներ ու մտահոգություններ ունի: Հետեւելով դեպքերի զարգացմանը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին, նրա մոտ հետեւյալ կարծիքն է ձեւավորվել:

«Բոլոր դեպքերում եղել է միջադեպ, որի արդյունքում հինգ զինվորներ ստիպված են եղել դուրս փախչել հոսպիտալից եւ ոչ միայն դուրս փախչել հոսպիտալից, այլ նաեւ տարբեր միջոցներով հեռանալ տարածքից, իսկ սա այն դեպքից հետո, երբ ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ժամանել են հոսպիտալ: Այսինքն այդ ժամանման հետ կապված զինվորները ստիպված են փախչել, դա արդեն լավ բան չի նշանակում»:

Ըստ Ա. Սաքունցի՝ հարց է առաջանում. ինչպիսի՞ն է եղել ՌՈ աշխատակիցների պահվածքը կամ մոտեցումը, երբ զինվորները շատ լավ գիտակցելով, որ զորամասից (հոսպիտալից) փախչելը կունենա հետեւանքներ, այնուամենայնիվ գնում են այդ քայլին:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս