Մաքսային միություն=Թուրքիա+Ադրբեջան-Հայաստա՞ն

Դժվար է պատկերացնել ավելի քաղաքականացված ազգ, քան մենք ենք: Շարքային եվրոպացին կամ ամերիկացին կարող է չիմանալ, օրինակ, թե ով ով է իրենց կառավարությունում, և ընդհանրապես չհետաքրքրվել աշխարհի անցուդարձով: Մենք` ոչ: Մեծից փոքր պետք է իմանանք` ո՞ւր գնաց նախագահը, ի՞նչ արեց և ինչպե՞ս արեց: Տեսախցիկի առաջ քնա՞ծ էր, թե ՞արթուն:

Հայկական գերսրված ուշադրությունը երկրի ներքին և արտաքին գործերի նկատմամբ, ըստ իս, պայմանավորված է երկու հանգամանքով.

ա) չենք ունեցել պետականություն ու դիվանագիտություն, իսկ ինչը նոր է, գրավիչ է,

բ) հանրապետության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, աճող արտագաղթը, կոռուպցիան և կյանքի բոլոր բնագավառների մոնոպոլիզացիան հուսալքում է մարդկանց, պատճառում ֆրուստրացիա, որին հաջորդում է սուբլիմացիան (ուշադրության և գործունեության շեղում դեպի այլ առարկա, այլ բնագավառ):

Ի դեպ, ինչպես բոլոր երկրներում, դրան օգնում են իշխանությունները, որպեսզի մարդիկ չսևեռվեն կյանքի դժվարությունների վրա: Այդպես իշխանությունների համար ավելի ապահով է:

Հետո, մեր հայրենակիցներն աչքի են ընկնում բացարձակ հուզականությամբ: Հիշենք, թե մեկ ամիս առաջ ինչպիսի քաղաքական ցունամի բարձրացավ, երբ հայտնի դարձավ Հայաստանի ցանկությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը: Որքան կրքեր բորբոքվեցին, որքան կուսակցություններ և քաղաքական հոսանքներ բախվեցին: Հասարակությունն ասես դանակով կիսվեց երկու մասի:

Հիմա «կամ, կամ»-ն ու «և, և»-ը դարձել են քաղաքական կատեգորիա, և մարդիկ անգամ բարևելիս առաջնորդվում են այդ նշանաբանով:

Հազիվ էին մեր` քաղաքականության սինդրոմով տառապող մարդիկ մի փոքր հանգստացել, երբ Մինսկի վեհաժողովում ասվեց, որ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղյան հիմնահարցը: Հետո հնչեց ամենասարսափելին` Թուրքիան ևս կարող է անդամակցել Մաքսային միությանը:

Գաղափարը Հայաստանի համար շանթ ու որոտ էր պարզ երկնքում: Եվ մենք մոռացանք, որ Թուրքիայի` Մաքսային միությանն անդամակցելու հարցը նոր չէ: Այն խաղարկվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինի Թուրքիա կատարած այցելության ժամանակ, երբ մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկություն հայտնի միանալ Մաքսային միությանը, ապա Ռուսաստանը կողջունի այն:

Սա, մեղմ ասած, իռացիոնալ գաղափար է այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունը, եթե չասենք վատ քողարկված թշնամանքը, մեկընդմիշտ նստած է պատմության գենետիկական կոդում և գալիս է դեռ Եկատերինա II-ի ժամանակներից:

Երկու կայսրությունների ամբիցիաներն անհամատեղելի են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համագործակցության առումով: Ռուսաստանի և Թուքիայի միասին լինելը հակացուցված է:

Այնպես որ, Թուրքիայի Մաքսային միություն մտնելու ցանկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ վատ քողարկված քաղաքական բլեֆ, խրտվիլակ` հայաստանյան տատիկներին ու պապիկներին մի փոքր վախեցնելու համար, որը հավանաբար սարքել են Մոսկվայի և Անկարայի պոլիտտեխնոլոգները:

Սակայն անգամ իր հիպոթետիկ փաթեթավորման մեջ այդ բլեֆն ունի որոշակի նպատակներ: Ինչո՞ւ ոչ: Եթե հանկարծ հրաշք կատարվի՞, և Թուրքիան մտնի Մաքսային միությո՞ւն, հետո էլ ինտեգրվի ռուսական այլ կառույցների՞…

Այդ դեպքում Մոսկվան կչեզոքացնի ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգը, իմա` Թուրքիային, որը ԱՄՆ-ի հավատարիմ արբանյակն է Ռուսաստանի խոցելի հարավում, եթե քեռի Սեմն, իհարկե, մինչ այդ չձեռնարկի դաստիարակչական-պատժիչ միջոցներ Բոսֆորի ջրերում և դարձի չբերի մոլորյալ զավակին: Սա` Ռուսաստանի մասով:

Իսկ Թուրքիայի մտորումներն ունեն ավելի ռեալ և նպատակային ուղղվածություն, որը պայմանավորված է նրա ղեկավարության` օսմանյան տիրապետության անցյալի փառքն ու հզորությունը վերադարձնելու մարմաջով:

Այդ մեծապետական անուրջների իրագործման ճանապարհին թուրքերը խիստ կարևորում են սիրիական ռեժիմի տապալման և Մեծ Մերձավոր Արևելքի լիդեր դառնալու իրենց պլանները:

Մի՞թե պատահական է, որ երբ Օբաման օգոստոսին հետ կանգնեց Սիրիային հարվածելու վտանգաշատ քայլից, Անկարան ՆԱՏՕ-ի միակ անդամն էր, որ փրփուրը բերանին Վաշինգտոնից պահանջում էր ոչ միայն ռմբակոծել, այլև զորքեր մտցնել առանց այն էլ բզկտված այդ երկիրը:

Հիշաչար և բարդույթավորված Էրդողանը հիմա առիթը բաց չի թողնում խաղալու Օբամայի նյարդերի հետ. «Ախ, դու ինձ չլսեցիր, դե, ես էլ միանում եմ ռուսներին»:

Այս ամենը, կրկնում եմ, դիվանագիտական ֆարս է, բուֆոնադա, վատ գրված և վատ բեմադրված սցենար:

Իսկ ի՞նչ է, Ադրբեջա՞նը կմտնի Մաքսային միություն: Իհարկե՛, ոչ: Եթե նա փորձի անգամ նման բան անել, Էրդողանը կոլորի Ալիևի ականջները ճիշտ այնպես, ինչպես Օբաման կոլորի իր ականջները:

Ծանր տպավորություն է թողնում Մինսկում «Բատկայի»` Լուկաշենկոյի դաստիարակչական-մենտորական տոնով տված դասը. «Հայաստանը պետք է հասկանա, թե ինտեգրման ինչ ճանապարհ պիտի անցնի, ինչպես դա արել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը: Հայաստանը պետք է ընդունի Մաքսային միությանն անդամակցելու բոլոր պարտավորությունները»,- այսպես է խոսում միջազգային հանրությունում դիկտատորի համբավ ունեցող գործիչը: Դիվանագիտական լեզվով դա թարգմանվում է որպես քաղաքական ապտակ, եթե ոչ վերջնագիր:

Հետաքրքիր է, թե ինտեգրման այդ ի՞նչ ճանապարհ են անցել Բելառուսը և Ղազախստանը, որոնք, հրաժարվելով կորպորատիվ, միասնական հետաքրքրություններից, ամեն առիթով սպառնում են լքել դեռևս չկազմավորված և ոտքի չկանգնած Մաքսային միությունը:

«Բատկան» հավանաբար ինտեգրման լավագույն ձևերից մեկը համարում է զենք վաճառելը Ադրբեջանին, որն ամեն վայրկյան այն կարող է ուղղել ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի իր գործընկերոջ` Հայաստանի դեմ, որի պատվին ինքը բարեկամության կենացներ է առաջարկում հայկական կոնյակով:

Լուկաշենկոյից հետ չի մնում Նազարբաևը, երբ Հայաստանի անդամության հարցը կապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Իսկ թե ինչ դիրքորոշում ունի Ղազախստանն այդ հարցում, հատկապես` միջազգային համաժողովներում, քաջ ծանոթ է բոլորին:

Պարզապես դժվար է պատկերացնել, թե ապագա Մաքսային միության անդամներն ինչպես են համադրելու իրենց շահերն ու հետաքրքությունները, նույնիսկ եթե այն ստեղծվի և գործի առանց Թուրքիայի ու Ադրբեջանի:

Վերը նշված վիրավորանքների ֆոնին կարծես թե երկրորդական պլան է մղվում Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումից հետո Պուտինի այն հայտարարությունը, թե սատարում են Հայաստանի ու Ղրղըզստանի մտադրությանը՝ միանալու ինտեգրացիոն գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, թե աշխատանքային խումբն արդեն այս դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը», այսինքն՝ կոնկրետ ժամանակացույց, թե ինչ, երբ և ինչպես պետք է արվի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համար:

Էլ ի՞նչ են ուզում Մաքսային միությանը միանալու հայաստանյան ջատագովները, եթե Պուտինն ասում է, որ սատարելու է Հայաստանի ցանկությանը: Ոմանք հավանաբար մտածում են` դե, եթե Մաքսային միությունը չհաջողվի, Եվրամիությունը հո կա ու կա: Առնետավա՞զք միջազգային մասշտաբներով:

Իսկ իրականում (Մաքսային միությունից կամ Եվրամիությունից ամեն սպասումներից զատ) մենք խիստ մտահոգված ենք, որ մեր ապագա գործընկերներ Բելառուսը և ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ժամանակակից հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին:

Այդ իսկ պատճառով, որպես Մաքսային միության անդամության թեկնածու, Հայաստանը և նրա յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունեն հարցնելու`

– ինչո՞վ են ավարտվելու հանրապետության համար ինտեգրացիոն որոնումները,

– ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը, եթե Մաքսային միությունը կայանա,

– ինչպե՞ս կհակազդեն այդ կազմակերպության անդամերը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա,

– ինչպե՞ս կդրսևորեն իրենց ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն պատերազմի դեպքում

Ո՞վ կպատասխանի այս հարցերին…

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

diplomat.am

Տեսանյութեր

Լրահոս