Ռուս-ուկրաինական սահմանին գոյացել են մեծածավալ բեռնատարների հերթեր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս-ուկրաինական սահմանին՝ Դոնեցկի ու Լուգանսկի անցակետերում, գոյացել են բեռնատար մեքենաների հերթեր: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության Հարավային մաքսային վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ներկայումս սահմանին կուտակվել է ավելի քան 350 մեծածավալ բեռնատար, ինչը կապված է Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված տարանցման ապահովման նոր միջոցների ընդունման հետ: Բեռնատարներն ունեն ոչ միայն ուկրաինական, այլև՝ բելառուսական, մոլդովական, ղազախական ու թուրքական համարներ:
ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը չեղյալ է հայտարարել Միջազգային ճանապարհային փոխադրումների փաստաղթղթերի ուժը, որոնք այլևս չեն ընդունվում առանց ապահովման հավելյալ միջոցների, որոնք սահմանվել են Մաքսային միության մաքսային օրենսգրքով:
Ռուսաստանում նոր համակարգը ներդրվում է աստիճանաբար՝ սկսած սեպտեմբերի կեսից: Հոկտեմբերից 28-ին դրա գործունեությունը տարածվել է նաև Հարավային մաքսային վարչության վրա: Սակայն սահմանին կանգ առած բեռնատարների վարորդները հայտարարել են, որ նախապես չեն իրազեկվել այդ մասին:
Նշվում է, որ վերջին անգամ ռուս-ուկրաինական սահմանին բեռնատարների հերթ է գոյացել օգոստոսի 14-ին, երբ սկսեցին խստապես ստուգել Ուկրաինայից Ռուսաստան ներկրվող ապրանքները: Այն ժամանակ Կիևը դա շաղկապել էր Ռուսաստանի կողմից իրեն եվրաինտեգրումից հրաժարվել տալու և Մաքսային միության մեջ մտցնելու փորձի հետ: Մասշտաբային ստուգումները դադարեցվել էին օգոստոսի 27-ին: