Նիկոլ Փաշինյանն իր հարցադրումներով զայրացրեց Շավարշ Քոչարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյոք կասկածի տա՞կ է առնված Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և խնդրեց հստակ ձևակերպել՝ Հայաստանը կանդամակցի՞ Մաքսային միությանը, թե՞ ոչ։

«Նախորդ շաբաթվանից Հայաստանում լայնորեն քննարկվում է երկու իրադարձություն, որոնք կասկածի տակ են դնում, որքան էլ դա զավեշտալի հնչի` ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը ՄՄ-ին։ Առաջինը՝ Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի ակնարկը Ղարաբաղի հարցի կապակցութամբ և երկրորդը՝ ORT-ի հայտարարությունը, որը ես համարում եմ քաղաքական, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, համենայնդեպս, կարծիք կա, որ դա չէր կարող պաշտոնական մակարդակով ճշտված չլիներ։ Հիմա հարց՝ համոզվա՞ծ եք՝ Հայաստանին հաջողվելո՞ւ է անդամակցել Մաքսային միությանը, և հետո՝ ի՞նչ է անելու Վիլնյուսում ՀՀ-ն նոյեմբերի 26-29-ին»,- հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավորը:

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե բնական է, որ անհնար է ստորագրել «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը» Մաքսային միությանը անդամակցելու որշումից հետո, ապա շեշտեց, թե իրենց դիրքորոշումը նույնն է՝ շարունակել համագործակցությունը Եվրոպայի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հայտ է ներկայացրել Մաքսային միությանն անդամակցելու։

«Բնական է, որ դա ենթադրում է որոշակի փոփոխություններ, դրա համար ես այս պարագայում կոնկրետ պատասխան տալ չեմ կարող,- ասաց փոխնախարարը և հավելեց,- Բոլոր հարցերի պատասխանը տրվել է հոկտեմբերի 24-ին հենց Մինսկում, որովհետև այնտեղ ստորագրվել է համապատասխան փասաթուղթ և Բելոռուսի, և Ղազախստանի, և Ռուսաստանի նախագահների միջև: Եղել է մեկը, որը հավանություն է տալիս, առավել ևս մեկը, որը պետք է ստորագրի Հայաստանը Եվրասիական հանձնաժողովի հետ, որից հետո պետք է սկսի այս ծանր ու լուրջ գործընթացը»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ORT-ի հաղորդմանը, ապա Շավարշ Քոչարյանը համաձայնեց, որ դա խայտառակ հաղորդում էր։ «Բայց միանշանակ կարող եմ ասել, որ ՌԴ իշխանություններն անընդունելի են համարում ադ հաղորդման հեռարձակումը, դա իրենց ձևակերպումն է։ Ավելին՝ կարող եմ ասել. դա գիտեք ինչ էր, դա երրորդ կողմի ցանկությունների արտահայտումն էր, որը դարձավ անիրականանալի, որովհետև 24-ին լրիվ այլ փաստաթուղթ ստորագրվեց»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ տեղից հուշեց. «Դուք Բելոռուսի հետ կապված ասում եք՝ փաստաթուղթ է ստորագրվել, իմ հարցը շատ կոնկրետ էր, ես ասացի՝ Դուք համոզվա՞ծ եք, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեցիք։ Եթե ստորագրել են և նորմալ է ամեն ինչ, ինչո՞ւ չասել, որ՝ այո, անդամակցելու է»:

Շավարշ Քոչարյանը նշեց, թե կա հստակ մեխանիզմ և դա արվել է ԱԳՆ-ի խողովակով. «Բացի այդ դա այնքան ակնհայտ է, որ անընդունելի է, որովհետև ո՞նց կարելի է մի երկրի ղեկավարը փաստաթուղթ ստորագրի, ու անի այլ հայտարարություն, որ այդ փաստաթղթին հակասի»։

Նաև հավելեց. «Հնարավոր է՝ տարբեր խնդիրներ առաջանան և մենք պետք է առաջնորդվենք միշտ մեր շահերով։ Այնպես որ՝ նախապես ասել, որ համոզված եք, թե ոչ, ես չեմ կարծում, որ արտաքին գործընթացներում ներկայացուցիչը պետք է զբվաղվի կանխատեսումներով»։

ՀԱԿ պատգամավորն էլ այսպես արձագանքեց Շավարշ Քոչարյանին. «Արձանագրում առաջին. ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալը համոզված չէ, որ ՀՀ-ն կընդգրկվի Մաքսային միության կազմում. սա արձանագրում ենք»։

Փոխնախարարն էլ հակադարձեց. «Ներողություն, դա Ձեր ձևակերպումն է, որը չի համապատասխանում կրկին իրականությանը»։

Փաշինյանը կրկին արձագանքեց՝ ծիծաղով. «Ուրեմն՝ ձևակերպենք, որ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալը համոզված է, որ ՀՀ-ն կանդամակցի Մաքսային միությանը»։

«Այ էդ սև ու սպիտակով գնալն է, որ ձեզ գցում է այդ օրը»,- նշեց փոխնախարարը։ Փաշինյանը շարունակեց. «ORT-ի հայտարարությունը հնչել է բոլորիս լսելի և տեսանելի ձևով, ՌԴ-ն, փառք Աստծո, այնպիսի պետություն է, որ նորից կարող է բոլորիս լսելի ձևով արտահայտել իր դիրոքոշումը՝ հստակ իմանալով, որ այդ հարցը ՀՀ քաղաքացիներին շատ է հուզում: Ես ինձ համար արձանագրում եմ, որ ինչ ասում եք՝ դա փաստ չէ»,- նշեց նա։

Շավարշ Քոչարյանի նյարդերը տեղի տվեցին. «Պարոն Փաշինյան ի՞նչն է ուժի մեջ, Պուտինի ստորագրությո՞ւնը, թե՞ այդ հայտարարությունը, չեմ կարող հասկանալ, ի՞նչ եք ուզում ասել։ Կան ստորագրված փաստաթղթեր։ Գնացեք, համոզեք ռուսներին, որ իրենց շահն է հայերին համոզելը»։ Փաշինյանը տեղից եզրափակեց. «Մի ջղայնացեք»։

Տեսանյութեր

Լրահոս