Որքան ժամանակ հետո է ոստիկանությունը հասել Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Ի թիվս մյուս որոշումների՝ Հայկ Ալումյանը բողոքարկել էր նաև Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը: Դատական նիստը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ նախագահող դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Վաղը՝ նոյեմբերի 1-ին, կշարունակվի փաստաբանի բողոքի քննությունը:
Փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս հուլիս ամսին հայտարարել էր, որ հայտնի դեպքի օրը Գորիսի ոստիկանությունը ուշ է հասել դեպքի վայր: Դրանից հետո ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտարարել էր, թե Ոստիկանության ուշ ժամանելու կամ չժամանելու կապակցությամբ նախաքննության մարմինը իր քննչական գործողությունները շարունակում է, «բայց ի սկզբանե ասեմ, որ առգրավված տեսանյութը, որը նախաքննության մարմնի տրամադրության տակ է և, ինչպես նշեցի, փորձաքննության է ենթարկվել, ամբողջությամբ պատկերում է թե դեպքին նախորդող հանգամանքները և թե դեպքից հետո հանգամանքները»:
Քննչական խմբի ղեկավար Ալեքսան Ղազարյանից 168.am-ն այսօր հետաքրքրվեց, թե ի՞նչ է պարզել նախաքննական մարմինն այդ մասով: «Պարզվել է, որ դեպքից շատ կարճ ժամանակ հետո նրանք եղել են դեպքի վայրում, կատարել են քննչական գործողություններ»,- ասաց Ալեքսան Ղազարյանը:
Մեր հաջորդ հարցին՝ մոտավորապես որքա՞ն ժամանակ անց է ոստիկանությունը տեղ հասել, քննիչը պատասխանեց. «Մոտավորապես… եթե դուք համարում եք, որ 15 րոպեն շատ ուշ է, ես ուշ չեմ համարում»:
Հարցին՝ արդյոք դեպքի վայրում այդ ընթացքում փոփոխություններ չեն արվե՞լ, Ալեքսան Ղազարյանը պատասխանեց, որ իր մոտ գտնվող 3 ժամ 52 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ով ինչով է զբաղված: Մեր ճշտող հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դեպքի վայրում փոփոխություններ չեն եղել, քննիչը պատասխանեց. «Ակնհայտ սաղ երևում է, ակնհայտ՝ ով ինչով է զբաղված դեռ մինչև գիշերը համարյա մեկը»: