Ինչպես է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի տեսանյութը հայտնվել համացանցում՝ դեռ հայտնի չէ
Թե ինչպես է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի տեսանյութը հայտնվել համացանցում, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը դեռևս չի պարզել. այդ մասով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներից են հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ այն կատարելը: Ա. Հարությույանի խոսքով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ Արտակ և Ավետիք Բուդաղյանների արյան նմուշներում ալկոհոլ է հայտնաբերվել, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մոտից վերցված մեզի և մազի նմուշներում հայտնաբերվել էին թմրանյութեր.
«Ըստ փորձագետի եզրակացության՝ թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի միջից օգտագործելուց հետո ընդհանրապես նրա հետքը չի վերանում՝ ըստ փորձագետի տված ցուցմունքի և համապատասխան գրականության մեջ եղած հանգամանքների»:
Անդրադառնալով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ Արտակ Բուդաղյանից արյան նմուշ վերցվել է այն ժամանակ, երբ նա արդեն մի քանի օր գտնվել է հիվանդանոցում, որտեղ նրան ներարկել են մի խումբ դեղեր, որոնք ալկոհոլ են պարունակում, Արմեն Հարությունյանն ասաց. «Վեց օր հետո նմուշ չի վերցվել: Հայկ Ալումյանը որ ուշադիր նայեր, կտեսներ, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված է, թե որ օրը վերցված նմուշը և փաթեթավորված բացեցին և փորձաքննության ենթարկեցին: Այդ արյան նմուշը վերցվել է ՀՀ ոստիկաննության քննչական գլխավոր վարչության Գորիսի բաժնի քննիչների կողմից դեռևս այդ օրը գիշերը՝ Գորիսի հիվանդանոցում, երբ որ Արտակ Բուդաղյանը և Ավետիք Բուդաղյանը տեղափոխվել էին հիվանդանոց: Եվ այդ կապակցությամբ, որպեսզի հանգամանքները լիարժեք նաև ճշտվեն, հարցաքննվել են թե´ բուժքույրը, որը որպես մասնագետ վերցրել է նմուշը, թե´ ընթերակաները, որոնք ներկա են գտնվել այդ գործողությանը»:
Արմեն Հարությունյանը անդրադարձավ նաև Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ Գորիսի ոստիկանությունը բավական ուշ է ժամանել դեպքի վայր և հնարավոր է այդ ընթացքոմ որոշակի փոփոխություններ կատարվեին դեպքի վայրում:
«Ոստիկանության ուշ ժամանելու կամ չժամանելու կապակցությամբ նախաքննության մարմինը իր քննչական գործողությունները շարունակում է, բայց ի սկզբանե ասեմ, որ առգրավված տեսանյութը, որը նախաքննության մարմնի տրամադրության տակ է և ինչպես նշեցի փորձաքննության է ենթարկվել, ամբողջությամբ պատկերում է թե´ դեպքին նախորդող հանգամանքները և թե դեպքից հետո հանգամանքները»: