Ինչո՞ւ է Գորիսի ոստիկանությունը ուշ ժամանել Սուրեն Խաչատրյանի առանձնատուն

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ Գորիսի ոստիկանության ուշ ժամանման փաստին՝ ասելով, թե այդ օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսևորել.

«Դեպքի վայր եկել է շտապօգնությունից 10-15 րոպե ուշ: Տխուր է, բայց մենք արդեն սովոր ենք, երբ ոստիկանությունը դեպքի վայր է գալիս, երբ համոզվում է, որ բոլոր կրակոցները վերջացել են ու այնտեղ արդեն վտանգ չկա, որ կարող է՝ իրենց ներկայությամբ հանկարծ մի հատ էլ կրակոց լինի: Այս դեպքում արդեն ամեն սահման անցավ: Կրակոցներն 23:08-ին արդեն ավարտվել են, և ոստիկանությունը գալիս է մոտավորապես 23:35-ին»:

«Ինչպե՞ս բացատրենք, որ ոստիկանությունն այդքան ուշացումով է գալիս, ինչպե՞ս բացատրենք, երբ ոստիկանությունն իր գործողությունները կատարում է, զուգահեռաբար Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկը նրանց հետ միասին այնտեղ ման է գալիս, իրեղեն ապացույցներ է փնտրում: Ինչպե՞ս բացատրենք դա, եթե ոչ ծայրահեղ կողմնակալությամբ»,- նշեց Հ. Ալումյանը:

Լրագրողների այն հարցին՝ որքանո՞վ է հավաստի զինդատախազության կողմից հրապարակված զենքերի ցանկը, Հայկ Ալումյաը պատասխանեց. «Այստեղ է ամբողջ պրոբլեմը: Այն, որ ասում են՝ սատանան մանրուքների մեջ է թաքնված: Ինքը հրապարկեց ոչ թե այն ցանկը, որը հայտնաբերել էր, ինքը հրապարակեց այն ցանկը, որը Սուրիկ Խաչատրյանը հանձնել էր: Շատ տարբեր բաներ են: Եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, ես վախենում եմ, որ այդ ցանկը շատ ավելի մեծ լիներ»:

Որոշ աղբյուրների վրա հիմնվելով՝ Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանի տանը զենքը ավելի շատ է եղել:

Տեսանյութեր

Լրահոս