
Չինաստանի ԱԳՆ-ն Ավստրալիայի դեսպանատան միջոցով գաղտնալսման համար պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պարզաբանում է պահանջել ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ ամերիկյան հատուկ ծառայություններն Ավստրալիայի դեսպանատների օգնությամբ ասիական երկրներում, այդ թվում նաև Չինաստանում գաղտնալսում են հեռախոսազանգերը:
Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը: Նրա խոսքերով՝ Չինաստանը մեծապես անհանգստացած է ԶԼՄ-ների այդ հաղորդումների կապակցությամբ և ԱՄՆ-ից պահանջում է պարզաբանել և բացատրել իրավիճակը:
Չունինը նաև Չինաստանում գտնվող դեսպանատներին ու նրանց աշխատակիցներին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի նորմերը՝ հավելելով, որ Չինաստանը հուսով է գաղտնալսումների հարցով համագործակցել Ավստրալիայի հետ:
Ավստրալական Sidney Morning Herald պարբերականը, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած տեղեկատվությանը, այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Ավստրալիայի ռադիոտեխնիկական պաշտպանության վարչությունը դեսպանատներն օգտագործում է Ասիայի երկրներում հեռախոսազանգերի ու այլ տվյալների գաղտնալսման համար: Ինդոնեզիայի ԱԳՆ-ը նույնպես պարզաբանում է պահանջել: