Պետք է ճնշում գործադրել ահաբեկիչներին աջակցող երկրների վրա. Բաշար Ասադ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիին: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ ահաբեկիչներին աջակցելուց հրաժարվելը բարենպաստ պայմաններ կստեղծի Սիրիայում քաղաքական գործընթացների հաջողության համար:
Ասադը կարծում է, որ պետք է ճնշում գործադրել այն երկրների վրա, որոնք աջակցում են վարձկանների ներթափանցմանը Սիրիա, նրանց հատկացնում են զենք և գումար: Անդրադառնալով «Ժնև 2» միջազգային, խաղաղության կոնֆերանսին՝ Ասադը հայտարարել է, որ այդ ֆորումում ընդունվելիք յուրաքանչյուր որոշում պետք է հավանության արժանանա Սիրիայի ժողովրդի կողմից և համապատասխանի նրա ձգտումներին:
Ասադն ընդգծել է, որ միայն սիրիացիները, առանց արտաքին միջամտության, իրավունք ունեն որոշել իրենց ապագան: Նշվում է, որ Բրահիմին երեկ հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ժնև 2»-ը կարող է տեղի ունենալ նոյեմբերի վերջերին: