Հայկ Ալումյանը մեկնաբանում է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի չմոնտաժված տեսանյութը (տեսանյութ)

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա վերևից ներքև ուղղություն ունեցող վնասվածք է հայտնաբերվել: Դատաբժիշկն իր եզրակացության մեջ նշել է, որ այդ վնասվածքը ստանալուց հետո Ավետիք Բուդաղյանը այլևս չէր կարող նպատակաուղղված գործողություններ կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: «Այսինքն՝ պետք է հասկանալ այնպես, որ դա եղել է վերջին մարմնական վնասվածքը: Քննիչը ոչ մի կերպ չի կարողանում բացատրել, թե այդ մարմնական վնասվածքը ինչ պարագաներում է ստացել Ավետիք Բուդաղյանը: Չէ՞ որ այստեղ բոլորը, եթե ընդունենք, որ շենքից ոչ ոք չի կրակել, կանգնած են կամ վազվզում են այս նույն հարթության վրա, տեղաշարժվում են նույն հարթության վրա: Քննիչի որոշումից չի հասկացվում, իսկ ինչ կերպ ստացվեց, որ Ավետիք Բուդաղյանի մարմնական վնասվածքը, վերջին կրակոցը պատճառվեց վերևից ներքև ուղղությունից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ կրակոցներից վերջինը դիպել է հատակին, արտացոլվել վերև: «Այս գնդակի արտացոլումը և վերևից ներքև ուղղությամբ Ավետիքի մարմնական վնասվածքներից մեկը մեզ ամրապնդում են այն կարծիքի մեջ, որ վերևից, այսինքն՝ այդ շենքից ինչ-որ մեկը կրակել է»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ բացի այդ, հնչած կրակոցներից մեկի ձայնն ակնհայտորեն տարբերվում է մյուս կրակոցների ձայներից: Փորձագետը նշել է, որ հնարավոր է երկու ձայներ համընկել են: Հայկ Ալումյանի խոսքով՝ այդ դեպքում պետք է բացատրվի՝ ով է կրակոց արձակել: «Դեպքի վայրի եղած պարկուճները համընկնում են այն տարբերակի հետ, որ եղել է ընդամենը մեկ կրակոց, այլ ոչ թե երկու կրակոց համընկել են իրար: Եթե երկու կրակոց այս ձայնի ժամանակ համընկել են իրար, ապա որտեղ է այդ մի պարկուճը, որը որ ևս պիտի կրակված լիներ»,- նշեց Հայկ Ալումյանը: Լրագրողների հարցին՝ որքանով է փաստաբանը հավանական համարում, որ վերևից-ներքև ուղղությամբ կրակոցն արձակել է Սուրիկ Խաչատրյանը, փաստաբանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել այսպես. իմ պաշտպանյալը՝ Արտակ Բուդաղյանը, պնդում է, որ ինքը տեսել է տնից կրակոց: Իմ պաշտպանյալը դա պնդում է, և ես կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալի այդ ցուցմունքը հաստատվում է նրանով, ինչ ես ձեզ նոր ասացի»:

Հայկ Ալումյանը նշեց, որ քանի որ ինքն ամբողությամբ ծանոթ չէ գործի նյութերին, չի կարող ասել որևէ քննություն անցկացվել է Արտակ Բոդաղյանի այն հայտարարության մասին, որ Սուրիկ Խաչատրյանի կինն ասել է՝ Սուրի՛կ, այս ի՞նչ արեցիր: Համենայն դեպք, մյուս կողմը հերքում է այդ հանգամանքը:

Հարուցված քրեական գործով նախաքննությունն այսօր ընթանում է միայն մեղադրյալ Արտակ Բուդաղյանի մասով: Հայկ Ալումյանը նշեց, որ նախաքննական մարմինն արհեստականորեն ձգձգում է նախաքննության ընթացքը. փնտրում են տարերակ, որպեսզի գործը դատարան չգնա: «Այս ամեն ինչը խավարից պիտի դուրս գա: Այս ամեն ինչը պիտի ստվերից դուրս գա: Երբ որ ամեն ինչ լինի հրապարակային, իրենց կողմից քողարկելու, կեղծիքների հավանականությունն ու հնարավորությունները կտրուկ կնվազեն: Ես չեմ ասում, որ մեր դատարաններն իդեալական են, բայց մի բան է, երբ որ մենք հիմա պայքարում ենք՝ ունենալով տեղեկություն ընդամենը նյութերի 8 տոկոսի մասին, և մի բան է, երբ մենք մեր փաստարկները կներկայացնենք՝ ունենալով գործի բոլոր նյութերը: Այսօր մեզ ասում են դուք համոզված եղեք, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, այն մարդը, ով ուղում է՝ ուրիշները համոզված լինեն, որ ինքը ճիշտ որշում է կայացրել, ինքը չի թաքցնի իր որոշման հիմքում ընկած նյութերը: Ինքը շահագրգռված կլինի, որպեսզի այդ նյութերը հնարավորին ներկայացվի: Իրենք սիրում են գործել խավարի մեջ»,- պատասխանելով հարցին՝ արդյոք դատարանը նույն կերպ գործը չի քննի, ինչպես նախաքննական մարմինը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս