Ստամբուլում տեղի է ունեցել «Մարմարա» երկաթուղային թունելի բացումը (տեսանյութ)
BBC-ի փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում բացվել է Բոսֆորի նեղուցի հատակով անցնող «Մարմարա» երկաթուղային թունելը: Դա համընկել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակի հետ: Թունելը կառուցված է 55 մետր խորության վրա, որով և նա դարձել է աշխարհի ամենախորջրյա թունելը:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 3.3 միլիարդ եվրո: Թունելը կառուցվել է այնպես, որ նա դիմանա Ռիխտերի սանդղակով մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի: Թունելի երկարությունը կազմում է 13.6 կիլոմետր, այն ունի 4 շերտ և նախատեսված է օրական 1.5 միլիոն մարդ փոխադրելու համար:
Նախագծի հեղինակները հուսով են, որ «Մարմարան» հնարավորություն կտա 20 տոկոսով նվազեցնել 14 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլի հասարակական տրանսպորտի բեռնվածությունը: Թուրքական իշխանությունները նաև հուսով են, որ այդ թունելը նպաստելու է Արևմտյան Եվրոպայի և Ասիայի, մասնավորապես Չինաստանի հետ առևտրի զարգացմանը:
Թունելի նախագիծն առաջ է քաշվել դեռևս 150 տարի առաջ՝օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի ժամանակ: Թունելի կառուցումը մեկնարկել է 2004 թվականին: