Խոշոր հարկատուների ցանկի ռեկորդակիրները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Իր վճարած 26.3 միլիարդ դրամով առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նրան հաջորդում են «ՀայՌուսգազարդը» (25.3 միլիարդ) և «Ղ-Տելեկոմը» (22.3 միլիարդ)։
Ցանկի առաջին և երրորդ հորիզոնականներում տեղ գտած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Ղ-Տելեկոմը» առանձնանում են ոչ միայն իրենց վճարած հարկերի մեծությամբ, այլև նախորդ տարվա նույն ժամանահատվածի նկատմամբ արձանագրված աճով։
Բացարձակ թվի առումով «չեմպիոնը» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը հարկերն ավելացրել է 9.9 միլիարդ դրամով (60.4%-ով)։ Իսկ տոկոսային առումով հարկերի աճի առաջատարը «Ղ-Տելեկոմն» է. այս ընկերության վճարած հարկերն աճել են 67.3%-ով կամ 8.9 միլիարդ դրամով։
Տոկոսային առումով բավականին լավ արդյունքներ է ցույց տվել նաև «Գեո Պրո Մայնինգ գոլդ» ընկերությունը։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ընկերությունը հարկերն ավելացրել է 60.1% ով (2.4 միլիարդ դրամով) և զբաղեցրել ցանկի 8-րդ հորիզոնականը։
Առաջին տասնյակում տեղ գտած ընկերություններից հարկերը պակասեցրել են միայն «Ալեքս-Գրիգը» (1.77 միլիարդ կամ 13%) և CPS-ը (1.46 միլիարդով կամ 20.6%-ով)։
Այս ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները միասին պետբյուջե են վճարել 131.6 միլիարդ դրամ, որը 26.4 միլիարդով (25.2%-ով) ավելին է, քան նախորդ տարվա հունվար սեպտեմբերին։