Բաժիններ՝

Դեղերի մաքսային ձևակերպումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ

«Մեկ պատուհան» համակարգը կգործի նոյեմբերի 1-ից

Արտաքին առևտրի խթանում, մաքսային վարչարարության պարզեցում, ներդրումային միջավայրի բարելավում, կոռուպցիոն երևույթների հաղթահարում. ՊԵԿ-ը բարեփոխումների հերթական քայլն է կատարում` ներդնելով դեղերի և դեղանյութերի ներմուծման «Մեկ պատուհան» համակարգ: Գործող էլեկտրոնային կառավարման համակարգերին կոմիտեն աստիճանաբար ինտեգրում է նաև այլ գերատեսչությունների: Մասնավորապես, նոյեմբերի 1-ից դեղեր ներմուծող յուրաքանչյուր ընկերություն, մուտք գործելով trade.customs.am կամ trade.gov.am նորաստեղծ կայքեր, առողջապահության նախարարությանը և դեղերի ու տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իր գրասենյակից առցանց դեղերի ներմուծման հավաստագրի հայտ ներկայացնելու հնարավորություն կունենա:

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանի, «հենց գրասենյակից գործարարները կկարողանան հետևել հայտի մշակման ողջ գործընթացին` արդյունքում ստանալով ներմուծման հավաստագիրն էլեկտրոնային տարբերակով: Այդպիսով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կազատվեն նաև հավաստագիրը մաքսային ծառայությանը ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ այն նոր ծրագրի շնորհիվ նույն պահին էլեկտրոնային եղանակով արդեն իսկ հասու կլինի մաքսավորին»: Հավաստագրում առկա դեղերի, ղեղանյութերի անունների, նկարագրությունների ու ծածկագրերի ավտոմատ զետեղումը թույլ կտա բացառել մեխանիկական սխալները և նվազեցնել ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը։

«Մաքսբրոք» մաքսային գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքերով,  «ՊԵԿ-ն էլեկտրոնային կառավարման համակարգ է ներգրավում նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների, տվյալ դեպքում առողջապահության նախարարությանը և նրա ենթակառուցվածքները, նրանց ևս մասնակից է դարձնում «մեկ պատուհան համակարգին», քանի որ հիմնական գործողությունները կատարվում են այդ գերատեսչություններում»:

Կարդացեք նաև

«Ռիխտեր-Լամբրոն» համատեղ ձեռնարկության գլխավոր հաշվապահ Հեղնար Ղարիբյանի կարծիքով, «ՊԵԿ-ի կողմից ներդրված նոր համակարգը ընդառաջ քայլ է դեպի բիզնես, որը բավականին կհեշտացնի դեղ ներմուծողների աշխատանքը, դյուրին և պարզ կդարձնի ներմուծման ամբողջ գործընթացը»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս