
Թուրքիայում կտուգանեն պարտադիր զինծառայությունից խուսափողներին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ զինծառայությունից խուսափողները ոչ միայն կուղարկվեն բանակ, այլև՝ կտուգանվեն:
Յըլմազի խոսքերով՝ մինչև երկու տարի ժամկետով զինծառայությունից խուսափողները ինքնակամ հանձնվելու դեպքում կտուգանվեն միայն 593 լիրայով (1 դոլարը հավասար է 1.98 լիրա): Մինչդեռ եթե անվտանգության ուժերը բերման ենթարկեն զինծառայությունից խուսափողներին, ապա տուգանքը կազմելու է 2376 լիրա:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում պարտադիր զինծառայությունից խուսափողների քանակը կազմում է 600.000 մարդ:
Ներկայումս Թուրքիայում որոշվել է 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից նվազեցնել մինչև 12 ամսվա, ինչի արդյունքում պետք է վաղաժամ զորացրվի 280.000 զինծառայող, որից 70.000-ը՝ առաջին փուլում: