«ԱրմենՏել» ընկերությունը տուգանվեց 20 մլն դրամով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովը (ՏՄՊՊՀ) որոշում է կայացրել «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել 20 մլն դրամի չափով: Որոշումը կայացվել է «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա: Այսպես, «Օրանժ Արմենիա» ընկերությունը նշել է, որ «ԱրմենՏել»-ի կողմից այս տարվա սեպտեմբերին սկսել է գործարկել «Պարզից պարզ» սակագնային փաթեթը, որն ունի նույն սկզբունքները և շփոթություն է առաջացնում իրենց   «Պարզ» անվանումով սպասարկման նշանի հետ: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» անվանմամբ փաթեթը իր «Պարզ» փաթեթի կրկնօրինակումն է: Միաժամանակ «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել էր, որ իր ընտրած անվանումը 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

Իր դիմումի մեջ  «Օրանժ Արմենիա» ընկերությունը  «ԱրմենՏել»-ին մեղադրել է անբարեխիղճ գովազդ իրականացնելու մեջ: Ըստ դիմող ընկերության՝ «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ. դրանք մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին, որոնք համարվում են «պայքարում պարտված»: Ըստ  «Օրանժ Արմենիա» ընկերության՝ այս գովազդը վնասում է կամ կարող է վնաս պատճառել իրենց համբավին և գործարար վարկանիշին: Այսօր նիստի ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողի ներկայացուցիչները հայտնեցին, որ հարուցված վարչական վարույթի ընթացքում հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվել «ԱրմենՏել»-ի կողմից: Ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն գտել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն է դրսևորել:

ՏՄՊՊՀ իրավաբանակն վարչության պետ Հայկ Կարապետյանն ասաց, որ «ԱրմենՏել» ընկերությունը չի ընդունել անբարեխիղճ մրցակցության հանգամանքը. «Ինքն ասում է՝ հանրահայտ խաղ է և օգտագործվել են խաղի գույները»: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ «ԱրմենՏել» ընկերոթյունը մինչև սա էլ է հայտնվել հանձնաժողվի ուշադրության կենտրոնում: Ըստ նրա՝ տուգանքի նշանակամն չափը որոշելիս հանձնաժողովը հաշվի է առել այն հանգամանքը, որ խախտման ազդեցության ժամանակը փոքր է եղել:

168.am-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ «ԱրմենՏել» ընկերությունը պետք է եթերից հանի այն գովազդը, որն իրենց որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորում է համարվել: «Եթե մենք գտնում ենք, որ անբարեխիղճ մրցակցություն է, մենք երկորդ կետով հանձնարարում ենք նաև խախտումները վերացնել, և տվյալ ժամանակահատվածում ինքը պետք է խախտումը վերացնի»,- ասաց Արտակ Շաբոյանը: «Մեր որոշման համաձայն՝ տեսահոլովակն այլևս չպետք է եթերում հայտնվի: Տնտեսվարողը կարող է չկատարել մեր որոշումը, շարունակի իր գովազդը, բնականաբար արդեն մենք մեր որոշման չկատարման համար հաշվի կառնենք հետագայում, որ մեր որոշումը չի կատարել: Դա իհարկե խստացնող է»,- հավելեց Արտակ Շաբոյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս