Վլադիմիր Գասպարյանը՝ նոր ոստիկանի արժեհամակարգի ձևավորման մասին
Հոկտեմբերի 24-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը հանդիպման մասնակիցներին ներկայացնելով մարդ, քաղաքացի, իրավապահ Վլադիմիր Գասպարյանին՝ հայտնեց, որ համալսարանի խորհրդի որոշմամբ՝ օրինականության ապահովման գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար նա պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալով:
Պարգևի հանձնմանը հաջորդեց ոստիկանության պետի և համալսարանականների անկեղծ ու շահագրգիռ զրույցը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, հասարակության հետ կապի ամրապնդման, ճանապարհային երթևեկության կազմակերպման, համակեցության մշակույթի բարելավման, մեր հասարակությանն ու քաղաքացուն հուզող այլ հարցերի շուրջ:
Կարևորելով ոստիկանության և հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ անցած երկու տարիներին ոստիկանությունը շեշտը դրել է դպրոցների հետ կապերի սերտացման վրա, իսկ առաջիկայում սկսվելու է աշխատանքը ուսանողության հետ: Ոստիկանության պետը գոհունակություն հայտնեց, որ այդ ծավալուն ծրագրի առաջին քայլն արվում է Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ հանրապետության առանցքային բուհերից մեկում:
Անդրադառնալով ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ բարեփոխումների արդյունքներն արդեն իսկ ակնառու են, մասնավորապես՝ հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում, և բերեցին մի շարք օրինակներ, երբ ոստիկանների պահվածքը, կեցվածքը, խոսքը հաճելիորեն զարմացրել է իրենց:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև իրականացված աշխատանքի այլ ոլորտների՝ ներկայացնելով, մասնավորապես, ոստիկանության տասնյակ բաժին-բաժանմունքների, հենակետերի, անձնագրային ստորաբաժանումների կառուցման ու հիմնանորոգման ընթացքը, մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին արագաչափ ու տեսադիտարկման սարքերի տեղադրման գործընթացը, ոստիկանության թափանցիկ ու հրապարակային գործունեությունը, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության սերտացումը և այլն:
Համալսարանականները ոստիկանության հետ համագործակցության մի շարք կոնկրետ առաջարկներ արեցին, մասնավորապես մայրաքաղաքային երթևեկության օպտիմալացման, համատեղ միջոցառումների կազմակերպման, պատանիների ֆիզիկական պատրաստության բարելավման ուղղությամբ, ինչին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը պատրաստ է գործընկերության՝ տրամադրելով իր մասնագիտական ներուժը, ինչպես և Կրթահամալիրի ու «Դինամո» մարզական համալիրի հնարավորությունները:
Որոշվեց ստեղծել համատեղ խումբ՝ համագործակցության ծրագրի նախապատրաստման համար:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին նվիրեց ոստիկանության զինանշանը, իսկ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին՝ ոստիկանական խորհրդանշանով անվանական ժամացույց: