
Քադաֆիի որդուն մեղադրել են հեղափոխականներին սպանելու մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տրիպոլիի դատարանն այսօր մեղադրանք է ներկայացրել 30 նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցրել Մուամմար Քադաֆիի կառավարման ժամանակ:
Մեղադրյալների թվում է հայտնվել նաև նախկին բռնապետի որդի Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին: Այդ 30 անձինք մեղադրվել են սպանությունների ու առևանգումների, բռնաբարություններ հրահրելու, կողոպուտի, խափանարար գործողությունների, պետական միջոցների յուրացման և ազգային միասնության խաթարման մեջ:
Այդ բոլոր հանցագործությունները կատարվել են 2011 թվականին, երբ Քադաֆիի վարչակարգի դեմ հեղափոխություն իրականացվեց Լիբիայում: Դատավարության սկսվելու ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե այն սկսվելու է սեպտեմբերի կեսին, սակայն տարբեր պատճառներով այն հետաձգվել է:
Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին պնդում է, որ ինքն ամբողջովին անմեղ է: Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փաստացիորեն կատարել է իր հոր մամլո քարտուղարի դերը՝ անելով բազմաթիվ հայտարարություններ: Ընդ որում, նա չի մասնակցել ռազմական գործողությունների: