Սուրիկ Խաչատրյանը կներկայանա դատարան

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Հիշեցնենք, որ գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ հայցադիմումը դատարան մուտք էր արվել Սուրեն Խաչատրյանի անունով, սակայն դատական նիստին ներկայացած Մարտին Զիլֆուղարյանը Սուրիկ Խաչատրյանի լիազորագրով էր: Դատարանը գտել էր, որ նման պայմաններում նիստի չի կարող շարունակվել: Այսօրվա դատական նիստին ևս Սուրիկ Խաչատրյանը չէր ներկայացել:

Որպես հայցվորի ներկայացուցիչ դատարան ներկայացած Մարտին Զիլֆուղարյանը  ներկայացրեց Սուրիկ Խաչատրյանի անձնագրի պատճենը, միևնույն ժամանակ հայցվորի անունից խնդրեց հայցադիմումում նշված անունը վերանվանել Սուրիկ Խաչատրյանի: Դատավոր Անի Մխիթարյանն արձանագրեց, որ Մարտին Զիլֆուղարյանի կողմից ներկայացված պատճենում անձնագրի համարը չի համապատասխանում հայցադիմումում ներկայացված համարին: Պատասխանողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նման պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել:  «Սուրեն Խաչատրյան անուն ազգանունով հայցվորը չի ներկայացել դատական նիստին, իսկ անձը, որը հայտարարում է, որ ներկայացնում է նրան, չի ներկայացնում պատշաճ ապացույցներ, որ ինքը հանդիսանում է տվյալ անձի ներկայացուցիչը»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Մարտին Զիլֆուղարյանը ժամանակ խնդրեց դատարանից՝ իր վստահորդի հետ կապվելու և ճշտելու համար՝ արդյոք վերջինս կարո՞ղ է ներկայանալ դատական նիստին: Ընդմիջումից հետո փաստաբանը հայտարարեց, որ իր վստահորդը «աշխարհագրական դիրքի պատճառով» կարող է ներկայանալ 50 րոպե անց: Դատավորի հարցին՝ արդյոք կողմերը դեմ չեն, որ նիստի որոշ ժամանակով հետաձվի, պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը ասաց. «Արդեն երկրորդ դատական նիստն է՝ հայցվոր կողմի անփույթ վերաբերմունքի պատճառով նիստերը ձգձգվում են, չեն կայանում: Անկեղծ ասած ես պարտավոր չեմ հայցվոր կողմի այդ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով այսքան ժամանկ և 12:45 գալ: Այնուամենայնիվ ես համաձայն եմ»:

Դատավորը որոշեց հետաձգել մինչև 12:45, մինչև Սուրիկ Խաչատրյանը ներկայանա դատարան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս