2008 թվականից հետո մենք ամրություններ ենք կառուցել Թբիլիսիի շուրջ. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երեկոյան հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը դադարեցրել է Թբիլիսիի շուրջ պաշտպանական գծի կառուցումը.
«Նախկինում դա պետական գաղտնիք էր, սակայն ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ այդ մասին, քանի որ հասկանում եմ, որ Վրաստանի թշնամին արդեն տեղյակ է այդ մասին: 2008 թվականից հետո՝ 2009 թվականին, մենք սկսել ենք պաշտպանական կառույցներ ստեղծել Թբիլիսիի շուրջ:
Թբիլիսիի շուրջ ընկած բարձունքների վրա մենք կառուցել ենք բետոնե բունկերներ, և այսօր Թբիլիսին լավ պաշտպանված է այդ բունկերներով: Այժմ հյուսիսից Թբիլիսիի վրա հարձակվելը շատ ավելի բարդ է, քան՝ 2008 թվականին:
Ապա մենք դիտարկեցինք այն հնարավորությունը, որ եթե Ռուսաստանի համար բարդ լինի հյուսիսից հարձակվելը, ապա նա կարող է օգտագործել Հայաստանի տարածքում իր բազան, և այդպիսի պլան մշակվել է Ռուսաստանում: Մենք սկսեցինք ամրություններ կառուցել մայրաքաղաքի այդ ուղղությամբ,Կարմիր կամրջի ուղղությամբ: Այդ ամրությունների կառուցման 70 տոկոսն ավարտված է»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ամրությունների կառուցման դադարեցման հարցով զրուցել է Գլխավոր շտաբի սպաների հետ, որոնք հայտարարել են, որ կառավարությունից իրենց բացատրել են, որ այդպիսի ամրություններ կառուցելով՝ իրենք զայրացնում և սադրում են ռուսներին.
«Ցանկանում եմ ասել, որ մենք նրանց կկանչենք, եթե լինենք անպաշտպան: Այդօրինակ յուրաքանչյուր ամրություն երկար ժամանակով բարդացնում է Վրաստանի թշնամու կողմից հետագա հարձակողական գործողություններ իրականացնելը:
Այդ հարցում մենք օգտագործել ենք նաև օտարազգի ինժեներների: Մենք շատ ենք աշխատել և շատ էներգիա ենք ներդրել: Կարծում եմ, որ վրաց ժողովուրդը պետք է իմանա այդ մասին»: