Արմեն Ռուստամյան. Այս ամենը ընդդիմադիր դաշտի սահմանափակմանն է հանգեցնելու

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից «Ժառանգության» ներկայացուցչին դուրս թողնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմանը սատարել են նաև ՀԱԿ և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Ընդդիմությունից նիստին ներկա չի եղել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով ի պատասխան 168.am-ի հարցին, թե ներկա լինելու դեպքում կսատարեի՞ք «Ժառանգությանը» կազմից դուրս թողնելու որոշմանը, թե՞ ոչ, ասաց.

«Ինձ հետ անընդհատ եթե-ներ-ով են խոսում: Եթե լինեի, իմ տեսակետը կհայտնեի: Ես  չեմ պատկերացնում մթնոլորտն ինչպիսին է եղել, որ Ձեզ հիմա պատասխանեմ` մեջը պիտի լինես, որ իմանաս»:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կայացված որոշմանը, ապա Արմեն Ռուստամյանն այն այսպես գնահատաեց. «Այսքան տարի աշխատելով ԵԽ ԽՎ-ում, տեղյակ լինելով աշխատանքի ծավալին, հստակ կարող եմ ասել, որ Զարուհին օգտակար էր: Կար մի դաշտ, որն ինքն էր իրականացնում և իրականացնում էր ավելի լավ, քան մյուսները: Այստեղ կորուստ կլինի: Բայց որոշումը ԱԺ նախագահի լիազորությունների տիրույթում է: Զարուհին անգերազանցելի էր աշխատում` հայտարարություններ, տարբեր տեսակի առաջարկներ, բանաձևեր, ստորագրահավաքներ էր կազմակերպում և այլն»:

Մենք հետարքրվեցինք նաև, թե մտահոգություն չկա՞, որ սահմանված նոր կանոնակագրով ԵԽ ԽՎ պատվիրակության կազմում ռոտացիոն սկզբունք է գործելու հենց ընդդիմության հաշվին. «Ռոտացինա ամենայն հավանականությամբ ընդդիմության հաշվին կկատարվի, բայց ֆորմալ առումով ԵԽ ԽՎ կանոնակարգով դա թույլատրված ընթակարգ է: ԱԺ նախագահն ունի լիազորություններ, որոնց իրականացման ժամանակ դրանք, իհարկե, լինելու են ոչ ի վնաս մեծամասնությանը: Եվ, իհարկե, այս ամենը ընդդիմադիր դաշտի սահմանափակմանն է հանգեցնելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս