Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Մեծ Բրիտանիայի գործերով ժամանակավոր հավատարմակատարները կներկայացվեն մոտակա 8 օրվա ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը.

«Նյու Յորքում Իրանի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունների, ինչպես նաև այլ մակարդակներով բանակցությունների արդյունքում կողմերը եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է քննարկել երկու երկրների գործերով ժամանակավոր հավատարմակատարների թեկնածուների հարցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Ակնկալվում է, որ թեկնածուները կներկյացվեն առաջիկա 8 օրում: Դրանով իսկ կարող են վերստին բացվել երկու երկրների դեսպանատները: Ժամանակավոր հավատարմակատարների նշանակման նպատակը երկկողմանի հարաբերությունների կառուցումն է»:

Մեծ Բրիտանիան Թեհրանում իր դեսպանատունը փակել է և իր բոլոր աշխատակիցներին հետ է կանչել դեռևս 2011 թվականի նոյեմբերին, երբ Իրանի հանդեպ սահմանված բրիտանական պատժամիջոցներից դժգոհ իրանցի ուսանողները հարձակվել էին բրիտանական դեսպանատան վրա:

Տեսանյութեր

Լրահոս