«Զբաղվածության մասին» օրինագիծը մարդկանց զրկելու է 18000 դրամ կազմող նպաստից. Արծվիկ Մինասյան

Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը զբաղվածության խնդիրը չի լուծելու: Ավելին՝ զրկելու է քաղաքացիներին  սոցիալական օգնության 18. 000 դրամ կազմող նպաստից: Այս մասին այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, օրինագծում կոնկրետություն չկա, չի նշվում, թե աշխատատեղերի հարցը ի՞նչ ձևերով է լուծվելու։ «Այն, ինչ փորձ է արվում ներկայացնել, թե այս օրենքով Հայաստանում զբաղվածության խնդիրն է լուծվելու, այդպես չէ։  ՀՀ պարտավորությունը պետք է լինի ապահովել լրիվ զբաղվածություն, պետական քաղաքականությունը պետք է դրան ուղղված լինի, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է միջազգային կոնվենցիայով և ամրագրել Սահմանդրության մեջ»,-ասաց նա: Մինասյանը նկատեց նաև, թե Կառավարությունը նպատակ չի դնում լրիվ զբաղվածություն ապահովել, այլ ընդամենն օգտագործում է զբաղվածություն տերմինը՝ նշելով, որ Հայաստանի՝ գործող սոցիալ-տնտեսական պայմաններում կայուն զբաղվածությունը ոչինչ չասող ձևակերպում է: ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այս օրենքը ոչ միայն պետք է սոցիալական պաշտպանությանը միտվված քայլեր ներկայացնի, այլ նաև ֆինանսական, հարկային քաղաքականության տեսակետից լուծումներ առաջարկի, ինչը սակայն օրինագծում բացակայում է։ «Ձևականությունը պահպանված է վերից վար, արդյունքում ոչ մի առաջընթաց չենք կարող ապահովել»,-ասաց նա։ Արծվիկ Մինասյանը նկատում է, որ Հայաստանում գործող ծրագրերը՝ գործազրկության նպաստ և այլն, ոչ թե պետք է վերանան, այլ ակտիվ ծրագրերով իրենց տեղը զիջեն։ «Իսկ ի՞նչ է արվում՝ կրճատվում է սոցիալական գործազրկության նպաստը, որպեսզի գումաները տանեն այլ ծրագրերի վրա։ Այդպես չի լինում, եթե ձեր ծրագրերն արդյունավետ են, ինքը ավտոմատ ծրագրի ֆինանսավորումը տանում է դեպի ակտիվ ծրագրերը, բայց մի կտրեք մարդուն այդ գումարի իրավունքից, թողեք քաղաքացին ընտրի աշխատելու, և ոչ թե նպաստ ստանալու տարբերակը»,- ասաց նա՝ ավելացնելով, թե մարդուն նպաստից զրկելը Եվորպական սոցիալական խարտիայի կոպտագույն խախտում է։

Տեսանյութեր

Լրահոս