Ռուբեն Հովսեփյանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ապարանցիներին հեռացնելու, Աղվան Հովսեփյանի՝ դուռը համբուրելու մասին
Շրջանառվող լուրերի համաձայն՝ նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ է իրականացնում՝ առաջին հերթին աշխատանքից հեռացնելով այն «հին կադրերին», ովքեր լավ հարաբերություններ են ունեցել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: 168.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի եղբայրը` ՀՀԿ-ական պագամավոր Ռուբեն Հովսեփյանն այս առնչությամբ ասաց, թե չի հետաքրքրվում նման մանրամասներով, ապա հավելեց. «Դե բոլոր հիմնարկներում էլ լինում է, որ ղեկավարը փոխվում է, մարդիկ դիմում են գրում, ազատվում են: Ես չեմ կարող առանձնացնել, ասել` դատախազությունում են մենակ տենց բաներ անում կամ որևէ այլ կառույցում»:
Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ գլխավոր դատախազությունում «կադրային ջարդ» է սկսվել, Ռուբեն Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Եթե մարդը ուզում է գնա հանգստի, հեռանա, ո՞նց որակենք դա՝ կարդային ջա՞րդ: Չէ, այդպես չեմ կարծում»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե Գ. Կոստանյանը ձեռնամուխ է եղել հատկապես ՀՀ գլխավոր դատախազությունից ապարանյան ծագում ունեցող աշխատակիցներից ազատվելու գործին, Ռուբեն Հովսեփյանը նախ ծիծաղեց, ապա նշեց. «Տեղյակ չեմ, նման հարցեր մի տվեք ինձ: Ես չեմ կարծում, որ միայն ապարանցի լինելու համար պիտի հանեն. մասնագետ մարդը, որ աշխատում է, ինչի՞ պետք է հանեն»:
Անդրադառնալով Աղվան Հովսեփյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազության դուռը համբուրելու հանգամանքին, ինչը տարբեր, նաև հեգնական գնահատականների արժանացավ ոմանց կողմից, Ռուբեն Հովսեփյանն ասաց. «Բայց ի՞նչ կար այդտեղ քննադատելու: Ոչ մի զգացմունքի պոռթկման հետ կապ չի ունեցել: Մարդը 40 տարի աշխատել է այդ հիմնարկում: Քննադատում են նրանք, ովքեր պետական մտածելակերպ չունեն»: