Չեխ դիվանագետը չի կասկածում, որ ճնշումներ եղել են. «Բայց թե ի՞նչ աստիճանի ճնշումների մասին է խոսքը, հարցրեք նախագահին»

Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկի՝ Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բարդ» որակեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կասկած հայտնելով, որ պաշտոնական Երևանին կհաջողվի նոյեմբերին թեկուզ որևէ հռչակագիր ստորագրել Վիլնյուսում:

«Ես վստահ չեմ՝ կլինի արդյոք Հայաստանի մասով առանձին փաստաթուղթ, դրա համար աշխատել է պետք, մեզ ժամանակ է անհրաժեշտ: Ավելի շուտ ես ակնկալում եմ, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ինչ-որ փաստաթուղթ կհայտնվի սեղանին: Ինքներդ էլ հասկանում եք՝ իրավիճակը բարդ է: Առաջին անգամն է, որ մենք փնտրում ենք մի հարցի պատասխան․ ի՞նչ անել, երբ մի պետություն որոշում է Մաքսային միություն մտնել՝ միաժամանակ արդեն պատրաստ լինելով ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը», – մանրամասնեց Մարեշը:

Միաժամանակ, Արևելյան գործընկերության հարցերով դեսպանորդը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են առարկայական մասնակցություն ունենալ Վիլնյուսի գագաթաժողովին: Հիշեցնենք՝ նախօրեին Լիտվայի պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանը Վիլնյուսում ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շատ կարևոր է, որ նա մասնակցելու է այդ գագաթաժողովին, որովհետև պետք է ցույց տալ, որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը ինչ-որ իմաստով: Մեր կողմից էլ՝ կա այդ շահագրգռվածությունը, բայց թե ի՞նչ կբերի Վիլնյուս Հայաստանի նախագահը, մենք չգիտենք, այդ հարցը ես կարող էի Ձեզ ուղղել»,- հայտարարեց Պետր Մարեշը:

Կարդացեք նաև

Չեխ դիվանագետի համոզմամբ, ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ, որպեսզի Հայաստանը այսքան կտրուկ փոխեր արտաքին քաղաքական գիծը:

«Անձամբ ինձ թվում է, որ դա կախված է անվտանգության հարցերի հետ: Այստեղ ավանդույթ կա՝ այս ոլորտում հենվել Ռուսաստանի հետ համագործակցության վրա, և Եվրամիության համար շատ բարդ է դիրքորոշում հայտնել: Դա պետք է հայերը որոշեն», – նշեց Պետր Մարեշը:

Պատասխանելով Մոսկվայի կողմից բանեցվող ճնշումների մասին հարցին, չեխ դիվանագետը արձագանքել է, թե որևէ մեկը չի կասկածում, որ այդպիսիք եղել են․ «Բայց թե ի՞նչ աստիճանի ճնշումների մասին է խոսքը, հարցրեք նախագահին»:

Տեսանյութեր

Լրահոս