Ռուսաստանն ազատվում է ոչ սլավոններից. հերթն ադրբեջանցիներինն է
Հոկտեմբերի 10-ին մերձմոսկովյան Բիրյուլևոյում սպանված Եգոր Շչերբակովի սպանության կասկածանքով Մոսկվայում այսօր ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը: Կիրակի օրը ռուս ազգայնականները ոտնատակ են տվել և ոչնչացրել Բիրյուլևոյի գյուղատնտեսական շուկան, որը պատկանում էր ադրբեջանցիներին. այսինքն՝ ոչնչացվել է ադրբեջանցիների գույքն ու ունեցվածքը: Խժդժությունների մասնակիցների հետ, միաժամանակ, ձերբակալվել են մեծ թվով ադրբեջանցի առևտրականներ, որոնց, հնարավոր է` արտաքսեն Ռուսաստանից: Սպասվում է, որ նման խժդժություններ կարող են լինել նաև Մոսկվայի մյուս շուկաներում, որոնց սեփականատերերը և առևտրականները նույնպես ադրբեջանցիներ են: Շուկաների ադրբեջանցի սեփականատերերը կանխազգալով ունեզրկման վտանգը՝ արդեն հայտարարում են, որ ոչ մի ցանկություն չունեն հրաժարվելու իրենց սեփականությունից:
Այսօր Բաքվում կայանալու է Ադրբեջանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Այս հանդիպումը դիտելու համար Բաքու են ժամանել հազարավոր ռուս ֆուտբոլասերներ: Ադրբեջանցիները լցված են վրեժխնդրությամբ և պատրաստվում են ռուս ֆուտբոլասերների հետ վարվել այնպես, ինչպես ռուս ազգայնականներն են վարվել բանջարեղենի և մրգերի ադրբեջանցի վաճառողների հետ: Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել պրովոկացիաներին, և խոստացել է ապահովել ինչպես՝ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի անդամների, այնպես էլ՝ երկու կողմի ֆուտբոլասերների անվտանգությունը:
Արդյո՞ք Օրհան Զեյնալովի ձերբակալության և ֆուտբոլային հանդիպման օրվա համընկնումը զուգադիպություն էր: Դժվար թե: Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի իշխանությունը վտանգում իր մի քանի հազար քաղաքացիների անվտանգությունը, ինչո՞ւ է ավելի սրում առանց այն էլ գերլարված մթնոլորտը:
Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմին ևս ձեռնտու է, որ ադրբեջանցի և ռուս ֆուտբոլասերների միջև ընդհարում տեղի ունենա, նրանցից մի քանիսը ծեծված ու վիրավոր վերադառնան հայրենիք: Սա նոր թափ կհաղորդի հակաադրբեջանական, հնարավոր է՝ նաև հակակովկասյան տրամադրություններին և նոր խժդժությունների առիթ կդառնա:
Ռուսաստանում վերջին ամիսներին սկսվել է մի նոր գործընթաց. այս երկիրը փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով ազատվել ներգաղթյալներից, քանի որ ռուս բնակչության և ներգաղթյալների միջև ծագող կոնֆլիկտները ավելի հաճախակի և ավելի անվերահսկելի բնույթ են ստանում: Ռուսներն ավելի հաճախ են բարձրաձայնում, որ չեն կարող իրենց անվտանգ զգալ՝ ներգաղթյալների թվի անընդհատ ավելացման պայմաններում: Չկարողանալով ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, Ռուսաստանի իշխանություններն ավելի հեշտ տարբերակ են համարում ոչ ռուսական կամ ոչ սլավոնական տարրերից ազատվելը:
Օրինական մեթոդներով ներգաղթյալներից ազատվելը շատ դժվար է, քանի որ նրանց հիմնական մասը կարողացել է ձեռք բերել Ռուսաստանի քաղաքացիություն: Իսկ երկիրը չի կարող իր քաղաքացիներին արտաքսել կամ վտարել այլ երկիր: Մնում է նրանց կյանքի և գործունեության համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացիներն իրենք ստիպված լինեն ինքնակամ լքել սեփական երկիրը՝ հանուն սեփական անվտանգության:
Այսօր Ռուսաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են արգելք դնել Միջին Ասիայի երկրների քաղաքացիների կողմից Ռուսաստանից դուրս կատարվող դրամական փոխանցումների վրա: Սա ևս ներգաղթյալների դեմ ուղղված միջոցառում է. քանի որ, եթե ներգաղթյալը չի կարողանալու իր աշխատած գումարը ուղարկել դրա կարիքն ունեցող իր ընտանիքին, ապա նրա աշխատանքն իմաստազրկվում է:
Արդյոք Ռուսաստանի քաղաքացի հայերը և Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարո՞ղ են դառնալ ներգաղթյալների դեմ ուղղված արշավի զոհը: Չնայած վերջերս Մոսկվայում մեծ հանդիսությամբ բացվեց հայկական եկեղեցի, և Հայաստանի նախագահն էլ հայտարարեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին, ռուս ազգայնականները դժվար թե կարողանան իրարից տարբերել հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին: Նրանց համար բոլորը կովկասցիներ են: Այնպես որ, ուրախանալ կամ ոգևորվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությամբ, իմաստ չունի: Ուղղակի հիմա հերթն ադրբեջանցիներինն է, բայց մի ինչ-որ ժամանակ հետո գալու է նաև հայերի հերթը: