Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:
Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:
Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում թե երկկողմ, եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:
Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվեց, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:
Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին