
Բաց նամակ. Պարզվեց՝ ժամանակակից «սրբազանները» ընդունելության ժամանակ չունեն, քանզի զբաղված են մեծ բիզնեսով

«Բաց նամակը, ուղղված Հայոց կաթողիկոսին, հոգումս արթնացրեց ցավոտ հուշեր՝ կապված նույն անձնավորության հետ, որը, իմ կարծիքով, ավելի շատ ժամանակակից օլիգարխներից է՝ օժտված սրանց բոլոր թերություններով, քան սրբազան անձ:
Հավատացյալները անձնավորությանը սրբազան բառով մեծարելիս ակնկալում են վեհ, մեծահոգի, կարեկից, բարոյապես մաքրեմաքուր էություն, որն ականջալուր է իր հավատացյալների խնդիրներին և պատրաստակամ հնարավորինս օգնելու, օժանդակելու, թեկուզ և սոսկ կարեկցելու…
Հարցը նրանում է, որ արդեն քանի ամիս է՝ նրան դիմել եմ «իր հոտի» անդամներից մեկի աշխատանքային իրավունքը ոտնահարելու, աշխատատեղից զրկելու պատրվակով: Երևույթ, որը չբերելով ֆինանսական որևէ կորստի (քանզի այն չկար էլ) անձին պատճառել է իրավական, հոգևոր ծանր հարված՝ հանգեցնելով դեպրեսիայի: Իրավիճակի հրամայականից դուրս գալով՝ փորձեցի անձամբ գնալ ընդունելության և մեկնաբանել հարցի կարևորությունը…
Ցավոք, պարզվեց, որ ժամանակակից «սրբազանները» նման հարցերով ընդունելության ժամանակ չունեն՝ քանզի զբաղված են մեծ բիզնեսով:
Բոլոր ժամանակներում էլ ասվել է, որ մարդու Աստվածը իր խիղճն է, որի դեմ չի կարելի մեղանչել: Մինչդեռ այսօրվա հոգևորականները, խիղճները երկաթյա զնդանում փակած, ծառայում են դրամին և սատանային: Այսօրվա եկեղեցին ժամանակի արատավոր բարքերի լիարժեք կրողն է և հոգևորականների քարոզի և վարքագծի մեջ կա աղաղակող հակասություն, որը անհնար է չնկատել: Էլ ինչու են եթերում աղաղակում, թե մարդիկ երես են թեքում եկեղեցուց, հետևում են աղանդներին: Եթե մարդն իր երկրում պետականորեն պաշտպանված չէ, եկեղեցին էլ իր տեղում չէ, բնական է, որ նա պետք է ելք փնտրի, թեկուզ և սխալ:
Եվ անհերքելի փաստն այն է, որ այսօրվա անդառնալիորեն դեպի կործանում տանող իրավիճակից ազատվելու միակ ելքը, որքան էլ վիրավորական, ցավոտ ու տառապալից, իբրև վերջին միջոց, մնում է արտագաղթը:
Ուզում եմ խոսքս ավարտել Մեծն Խորենացու հոգուց բխած և մեր օրերին առավել հարիր դարձաց ցավոտ արտահայտությամբ « Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ…»:
Անահիտ Կարապետյան
ՀՀ քաղաքացի