«Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»
«Ցանկացած վայրում էլ անձը կարող է նյարդահոգեբանական սթրեսի ենթարկվել, դա չի նշանակում, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել»,- նշում է ՀՀ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով Ա. Ս. Գրիգորյանը:
2013 թվականի հոկտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ քննեց Հովհաննես Էլոյանի կողմից իրեն Երևան քաղաքի ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում անմարդկային վերաբերմունքի ենթարկելու փաստի կապակցությամբ իրականացված անարդյունավետ քննության դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի մայիսի 31-ին Հովհաննես Էլոյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին, որտեղ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նարեկ Սիմոնյանը նրան հայհոյել է, բռնության ենթարկել: Արդյունքում Հովհաննես Էլոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել շտապ բուժօգնություն հրավիրել, և մոտ 2 ժամ 15 րոպե բժշկական օգնություն տրամարդել: Այնուհետև Հովհաննես Էլոյանը շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից թ օր անցնոր դուրս է գրվել:
Կատարված հանցագործության վերաբերյալ Հ.Էլոյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 2013 թվականի հուլիսի 25-ին կայացվել է քրեական գործը մերժելու մասին որոշում:
Դատական նիստի ժամանակ “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ նախագահ, Էլոյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց մի շարք բացթողումներ ու խախտումներ, որոնց քննությունը չի անդրադարձել և հետևաբար չէր կարող բավարարել Եվրոպական Կոնվենցիայով և Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով սահմանված խոշտանգումների քննության արդյունավետության պահանջներին:
Մասնավորապես` իրականացված քննության ընթացքում հարցաքննվել են նույն ոստիկանության 4 աշխատակիցներ, որոնցից երեքն իրենց ծառայողական պարտականություններով կախվածության մեջ են գտնվել այն անձից, ում վերագրվում է անմարդկային վերաբերմունք դրսևորելու վարքագիծը: Վերջիններիս ցուցմունքները համարվել են արժանահավատ և դրվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում:
Բացի այդ, թեև Հովհաննես Էլոյանը բերման է ենթարկվել, սակայն նրան իր`բերման ենարկվածի քրեադատավարական կարգավիճակից բխող պաշտպանության իրավունքն իրացնելու հնարավորություն չի ընձեռնվել: Վերջինիս չի բացատրվել իր իրավունքները, հնարավորություն չի տրվել զանգահարել և իր հարազատներին տեղյակ պահել գտնվելու վայրի մասին, չի օգտվել “լռելու” իր իրավունքից:
Ոստիկանության աշխատակիցները որպես ընթերականներ անձնական զննության և առարկաների առգրավման համար քաղաքացիներին հրավիրել են այն ժամանկ, երբ արդեն Հովհաննես Էլոյանի անձնական իրերը զննությամբ առգրավված և դրված են եղել սեղանին առանց ընթերականների մասնակցության:
Քննությունը չի պարզել, թե ինչ պատճառներով և հանգամանքներում է Հովհաննես Էլոյանի առողջական վիճակը վատացել, մինչդեռ եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով, երբ անձը բավարար առողջական վիճակով մուտք է գործում ոստիկանություն, իսկ այնուհետև ոստիկանության բաժնից դուրս գալիս վատթարացած առողջական վիճակով, պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում բացահայտել դրա պատճառները և պատասխանատվության կանչել դրանում հնարավոր մեղավորներին:
Չնայած բերված փաստարկներին և անկասելի ապացույցներին դատավորը մերժեց Էլոյանի հայցը նշելով, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել, որ վերջինս ոստիկանության բաժնում ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի:
Տեղեկացնենք նաև, որ այն ժամանակ, երբ Հայկուհի Հարությունյանը ներկայացնում էր Եվրոպական դատարանի նախադեպերով սահմանված արդյունավետ քննության չափանիշները, դատավոր Գագիկ Խանդանյանն անկաշկանդ պատասխանում էր իր բջջային հեռախոսազանգերին:
Հովհաննես Էլոյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը պատրաստվում է առաջին ատյանի կայացրած որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ 2013թվականի մայիսի 30-ին Ժամը 16-ին մոտ, Զեյթունում գտնվող «Երեւան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Հովհաննես Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղեւորուհին նստել մեքենան ու շարժվել են: Տեղ հասնելով` կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել եւ մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում եւ առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ: Այդ ժամանակ էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: Շուտով նա մոտեցել է խանութին: Այստեղ նրան ասել են, թե իրերի տերը հիմա կգա, կվերցնի: Սակայն Էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնում է հենց տան բակ: Այստեղ կանգնած են լինում այդ կինը եւ եւս երկու երիտասարդ, որոնք չեն թողնում, որ իրերը նա իջեցնի ու մեքենայով հանդերձ նրան տանում են ոստիկանության բաժին:
«Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»,- պատմել է էլոյանը: Վերջինս սրտի հիվանդություն ունի, որը նյարդային այդ իրավիճակից սրվել էր: Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել էլոյանին տեղափոխել հիվանդանոց: Նրան թույլ չեն տվել նաեւ զանգահարել հարազատներին:
Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպություն