Արմեն Մարտիրոսյան. Պատմական ընթացքը, պայքարը նսեմացնելու տենդենց կա

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին, որը նա հասցեագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասաց. «Ես խիստ բացասական եմ գնահատում բոլոր այն տեսակետները, որոնք վերաբերում են ՀՀ անկախության կորստին և նպատակ են հետապնդում ՀՀ անկախությունը զիջել որոշակի շահերի, այս դեպքում` իշխանության և այդ տարիների ընթացքում ձեռքբերված հարստության պահպանմանը»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե իր կարծիքով մարդիկ պայքարել են ոչ թե նրա համար, որ Ղարաբաղը ինչ-որ մարզի կարգավիճակով մտնի ինչ-որ պետության կազմ, այլ` անկախության համար: «Գյուլստանի պայմանագիրը, որը ընդամենը 200 տարվա պայմանագիր է, որոշակիորեն այդ պահի իրողություններն է արտահայտել աշխարհում: Հիմա պետք է ջանքեր ուղղվեն ոչ թե նրան, որ մեր արյամբ ձեռքբերված հաղթանակը նվիրենք Ռուսաստանին, այլ մեր ջանքերը անկախության ինստիտուտներ ամրապնդելուն պիտի ուղղված լինեն»,- նշեց նա:

Ա. Մարտիրոսյանը դժվարացավ ենթադրել` Վ. Պուտինը կարձագանքի՞ նամակին, թե՞ ոչ, բայց առաջարկեց դրա փոխարեն մտածել այն քայլերի ուղղությամբ, որոնցից անկախությունը որևէ կերպ չի նսեմանա:  «Մի տենդենց կա հիմա` նսեմացնելու պատմական ընթացքը, պայքարը: ՀՀ իշխանություններն այս պահին կարծես թե Ռուսաստանի կամզի մեջ գտնվելով՝ փորձում են իրենց ապօրինի իշխանությունը պահել ՌԴ կազմում: Բայց հարստության պահպանման միակ երաշխիքը անկախ պետականությունն է»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս