
Տիգրան Առաքելյանի նկատմամբ համաներումը պետք է կիրառվի՝ անկախ նրա ցանկությունից

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հոկտեմբերի 9-ին դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից: Նիստի ավարտից հետո Տ. Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասել էր, թե համաներումը նրա նկատմամբ պետք է կիրառվի՝ անկախ նրա ցանկությունից:
«Թեպետ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, և դրա կիրառումը պարտադիր է՝ անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից, բայց Տիգրան Առաքելյանն իր այդ հայտարարությամբ ընդամենը հայտարարում է ևս մեկ անգամ, որ ինքը ցանկանում է լիարժեք օգտվել իր դատավարական իրավունքներից և հասնել արդարացման ակտի կայացման»,- ասել էր Մուշեղ Շուշանյանը:
Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից:
168.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, թե պնդում է իր հայտարարությունը. «Համաներումը պարտադիր կիրառման է ենթակա, եթե տարածվում է տվյալ գործով տվյալ անձի վրա՝ անկախ այդ անձի ցանկությունից, կամքից»: Հարցին՝ արդյոք որևէ օրենքով կարգավորվո՞ւմ է այն, Մուշեղ Շուշանյանը պատասխանեց. «Դա ուղղակի բխում է հենց համաներման մասին որոշումից, որն այժմ պետք է կիրառվի Տիգրանի և այլ անձանց նկատմամբ: Այսինքն՝ որևէ ընթացակարգ, որը նախատեսի, որ անձը, ում վրա դա տարածվում է, պետք է իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնի կիրառման վերաբերյալ, չկա»: