Ստիպել են, որ հանցագործությունը խոստովանող ցուցմունքներ տա, կնոջն այլ սենյակ են տարել, սպառնացել են, որ նրա հետ «վատ» բաներ կկատարվի

Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է բողոքարկել գործի նախաքննության ընթացքում վկաների և դատապարտյալների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Ըստ փաստաբանի՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում վկաներ Ահարոն Հակոբյանը և Արամայիս Սեդրակյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ գործի նախաքննության ընթացքում` դեռևս 2007 թվականին իրենք մի քանի օր ապօրինի պահվել են ոստիկանության բաժնում, իրենց նկատմամբ բռնություններ են գործադրվել և ստիպել են, որպեսզի ցուցմունքներ տան, թե իբր Ստեփան Հակոբյանն է պատվիրել Սեդրակ Զատիկյանի սպանությունը:

«Քրեական գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը դատարանում նույնպես հայտնել է, որ երբ 2007 թվականին ինքը և կինը` նույն քրեական գործով դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանն ինքնակամ ներկայացել են ՀՀ գլխավոր դատախազություն և մտել են քննիչի մոտ, այդ պահից սկսած իրենց նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառվել: Իրեն ստիպել են, որ հանցագործությունը խոստովանող ցուցմունքներ տա, սակայն քանի որ հրաժարվել է, նույնիսկ կնոջն այլ սենյակ են տարել, սպառնացել են, որ նրա հետ «վատ» բաներ կկատարվի, որից հետո կնոջ գոռոցներ է լսել և ստիպված արել է այնպես, ինչպես իրեն ասել են: Արթուր Հովհաննիսյանը դատարանում հայտնեց նաև, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նաև հարվածել ու կոտրել են իր մոր ատամները: 2013թ. հունվարի 29-ին և փետրվարի 15-ին դատարանը համապատասխան գրություններով այդ մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և դեպքի առթիվ նույն ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանի կողմից նախապատրաստվել են նյութեր, սակայն վերջինիս կողմից 22.04.2013թ. անհիմն որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշումը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել այդ որոշումը, սակայն մերժում ստանալով այն բողոքարկել եմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ ինքը բողոքում նշել է Հհատուկ քննչական ծառայության, հատկապես` նույն ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի` որպես վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող պետական մարմնի, ոչ անկախ և կողմնակալ լինելու վերաբերյալ հիմնավորումները:

«Վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու առանցքային չափանիշներից է այդ քննությունն իրականացնող պետական մարմնի անկախությունը և անկողմնակալությունը: Այսինքն` քննությունների իրականացմանը ներգրավված պաշտոնատար և որոշում կայացնող բոլոր անձինք պետք է անկախ լինեն քննվող փաստերի հետ առնչություն ունեցող անձանցից և նրանք չպետք է առնչված լինեն ենթադրյալ տուժողների վերաբերյալ կոնկրետ գործով իրականացված քննություններին կամ կայացված որոշումներին: Այժմ ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր և ինքներդ գնահատեք, թե արդյոք ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և մասնավորապես ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանը սույն գործով կարո՞ղ է համարվել անկախ և լինել անկողմանակալ: Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործում առկա է քննչական-օպերատիվ խումբ կազմելու մասին 22.06.2006թ. կայացված որոշում, որը կայացրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի կողմից դատարանի հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում և դրա արդյունքում նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 22.04.2013թ. որոշում կայացնելու ժամանակ պարոն Անդրանիկ Միրզոյանը հանդիսացել է արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը: Իսկ ինչն առավել կարևորն է, այդ քննչական-օպերատիվ խմբի կազմում է ընդգրկված եղել նաև այն ժամանակ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ Արամ Գրիշայի Գրիգորյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ և հենց նա էլ անմիջականորեն քննել է Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ ուղարկված հաղորդումը և որոշում կայացրել:

Ավելին,  2007 թվականի դեկտեմբերի 7-ին Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվելուց հետո նույն ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից դրա նախաքննության կատարումը հանձնարարվել է հենց ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանին, ով քրեական գործն ընդունել է վարույթ, կատարել է բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ և մասնավորապես միջնորդություն է ներկայացրել դատարան` Ստեփան Հակոբյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, ապա նաև անձամբ կատարել է այդ խուզարկությունը:

Հենց այս հանգամանքից ելնելով էլ զարմանալի չէ, որ ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը մակերեսային և ձևական քննություն կատարելու արդյունքում որոշում է կայացրել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քանի որ նա անձամբ ներգրավված լինելով Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, բնականաբար չէր կարող անկողմնակալ դիրքորոշում ունենալ, բացի այդ` սույն որոշումը կայացնելու պահին պարոն Անդրանիկ Միրզոյանը հանդիսացել է նրա վերադասը, հետևաբար նա նաև անկախ չէր կարող լինել:

Տեսեք՝ ինչ իրավիճակ է, երբ քրեական գործով կազմվում է օպերատիվ-քննչական խումբ, դրա նպատակն է, որ այդ խմբում ընգրկված բոլոր պաշտոնատար անձինք ներգրավվեն քննության իրականացմանը: Եվ երբ այդ գործով վկան, մեղադրյալը կամ որևէ այլ անձ հայտնում է, որ այդ գործի քննության ընթացքում իր նկատմամբ ապօրինություններ են կատարվել, իրեն մի քանի օր ապօրինի պահել են անազատության մեջ, իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն չի կարողանում նշել, թե կոնկրետ ովքեր են այդ ապօրինությունները կատարել, ապա ստուգման ենթակա է այդ օպերատիվ-քննչական խմբում ընդգրկված ցանկացած անձի հնարավոր մասնակցությունը այդ ապօրինություններին և խոշտանգումներին: Այս դեպքում ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը պետք է պարզեր նաև, թե արդյոք ինքը կամ իր վերադասը կամ իր աշխատանքային ընկերները հանցագործություն կատարե՞լ են, թե՞ ոչ, ինչը բացարձակ անտրամաբանական է»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ըստ փաստաբանի` պարզից էլ պարզ է, որ ոչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ոչ էլ հատկապես` այդ ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը, չեն կարող համարվել Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող անկախ և անկողմնակալ պետական մարմին և պաշտոնատար անձ: Ուստի, ըստ նրա, չի ապահովվել վատ վերաբերմունքի վերաբերյալ պետության արդյունավետ քննության իրականացման պոզիտիվ պարտականությունը, ինչն էլ հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Ստեփան Հակոբյանը ապօրինի պերպով ձեռք է բերել և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փափմուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:

Տեսանյութեր

Լրահոս