Կոմայի մեջ գտնվող 26-ամյա Լիլիթ Նալբանդյանի վիճակը չի փոխվում
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 19-ին կլրանա 5 ամիսը, ինչ Վանաձորի բնակիչ 26- ամյա Լիլիթ Նալբանդյանը շարունակում է պայքարել կյանքի համար: Մայիսի 19-ին էր, երբ լույս աշխարհ եկավ նրա աղջիկը, դեռ մեկ օր առաջ հարազատները նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկների հսկողության տակ գտնվելը ոչնչով չօգնեց` վստահեցնում են Լիլիթի հարազատները:
Օրեր առաջ էր ԳԱԼԱ-ն ներկայացրել տեսանյութ երիտասարդ կնոջ մասին, ով Վանաձորի ծննդատանը ծննդաբերությունից հետո հայտնվել էր կոմայի մեջ ու մինչ օրս էլ միայն կարողացել է աչքերը բացել: Հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանը մեզ հետ զրույցում բացառել էր այն, որ իրենց բուժհաստատությունում հաճախ են նման դեպքեր լինում:
«Ես հիվանդանոցի գլխավոր տնօրենն եմ եւ ձեզ հավատացնում եմ, որ գոնե վերջին 5 տարիներին նման դեպք չի եղել»,- ասաց հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այնինչ Լիլիթի ամուսինը՝ Արտակ Բարսեղյանը դարձյալ պնդում է, որ ոչ միայն վերջին 5 տարիներին, այլեւ դրանից առաջ էլ ծննդաբերությունից հետո մահվան դեպքեր շատ են եղել:
«Ըտենց էլ պտի ասեր, որովհետեւ քրեական գործ չի հարուցվել, եթե հարուցվել է, փակել են գործը, բայց որ խոսեք ժողովրդի հետ, կհաստատեն: Իսկ ասում է՝ վերջին հինգ տարիներին չի եղել, որովհետեւ իր ախպերը դարձել է դատախազ, ու գործերը փակել են»,- նշում է Արտակ Բարսեղյանը:
Այն, որ կեսարյան հատումը եղել է պարտադիր, դա եւս Լիլիթի ամուսինը հերքում է՝ մեջբերելով պոլիկլինիկայի բժշկուհու խոսքերը, ում մոտ հղիության ընթացքում Լիլիթը գտնվել է հսկողության տակ: «Պարտադիր չի եղել, որովհետեւ պոլիկլինիկայի բժշկուհին ինքն է ասել, որ կարային չանեին, ասել է, որ ինքը մեկ օր շուտ հսկողության տակ է գտնվել: Նա այդ մասին փաստաբանին էլ է ասել, քննիչին էլ»:
Իսկ այն, որ Լիլիթ Նալբանդյանի՝ կոմայի մեջ հայտնվելու պատճառը համարել են թոքերի տրոմբոէմբոլիան, դա եւս, ըստ հարազատների, իրականությանը չի համապատասխանում, նրանց փաստաբանը հարցում է կատարել առողջապահության նախարարություն, որտեղից պատասխան է ստացվել, որ նման հիվանդության դեպքում հիվանդը ապրում է 4 րոպե, այնինչ Լիլիթը մոտ 5 ամիս կոմայի մեջ է:
Արտակ Բարսեղյանը նշում է, որ բժիշկները ուշացրել են բուժօգնությունը, այնուհետեւ երբ ծննդաբերությունից հետո կնոջ վիճակը չի փոխվել, այդ մասին եւս հարազատներին ուշ են տեղեկացրել, ինչի հետեւանքով էլ չեն հասցրել այլ մասնագետների օգնությանը դիմել: «Եթե ցավերը բռնել է ամսի 18-ին, ժամը հինգին, ինչո՞ւ եք դուք մեկ անց տասնհինգ հասցրել վիրահատական սեղան, կամ եթե վատացել էր, ինչո՞ւ եք հարազատներին ուշ տեղյակ պահել: Մենք հարցը տալիս ենք, տնօրենը ոչ մի բան չի պատասխանում, բժիշկներին չենք տեսնում: Քննիչին հարցնում ենք, չգիտեմ` ինչու չի բարձրացնում էդ հարցը»,-ասաց նա:
Մանրամասները կարդացեք այստեղ՝