Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագիրը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր Բրյուսելում տեղի ունեցած իր լիագումար նիստում հավանության է արժանացրել ԵՄ-ի ու Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագիրը: Փաստաթղթում նշված է, որ վիզային ռեժիմի դյուրացումը նոր ազդակ կհաղորդի համագործակցությանը, մասնավորապես կավելացնի քաղաքացիների տեղաշարժը:
Նոր կանոնները կարագացնեն վիզայի տրման ընթացակարգը (որոշում կկայացվի 10 օրում, արտակարգ դեպքերում՝ 2 օրում և ավելի պակաս ժամկետում), դա կդարձնի ավելի էժան (Հայաստանի քաղաքացու համար հայտը կարժենա 35 եվրո) և կձերբազատի բյուրոկրատական քաշքշուկներից (անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը կկրճատվի բնակչության որոշ կատեգորիաների համար, ինչը մասնավորապես վերաբերում է ազգականներին, պաշտոնական պատվիրակությունների անդամներին, ուսանողներին, դասախոսներին, գործարարներին, գիտնականներին):
Պատգամավորները հիշեցրել են, որ հունվարի 10-ին ուժի մեջ է մտել ԵՄ-ի ու Շենգենյան գոտու երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման մասին Հայաստանի կառավարության որոշումը: Վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: