Չինաստանում ձերբակալվել է ջիհադի կոչեր տարածող 139 մարդ
China Daily-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հունիսի վերջին ու օգոստոսին Սինձյանի ինքնավար շրջանում ձերբակալել են 139 մարդու, որոնց կասկածում են համացանցում ջիհադի (սրբազան պատերազմ) մասին կոչեր տարածելու մեջ:
Չինական մեկ այլ պարբերականի՝ Global Times-ի տվյալներով, այդ 139 անձինք պատժվել են, սակայն չի նշվում, թե ինչ կերպ: Եվս 256 մարդու պատժել են համացանցում նման խոսակցություններ տարածելու համար: Global Times-ը պատժի տարբերակների թվում նշում է բանավոր զգուշացումը:
Չինաստանի իշխանությունները Սինձյանի բնակիչներին մեղադրում են անջատողականության մեջ, վերջիններս էլ դժգոհում են իրենց ինքնավարության սահմանափակումներից: 2009 թվականին Ուրումչի քաղաքում գրանցված անկարգությունների ժամանակ զոհվել է գրեթե 200 մարդ: