
Էդիկ Բարսեղյան. «Գրեցի` պարոն նախագահ, խնդրում եմ հարգեք իմ դիմումը՝ աշխատանքից դուրս գալու մասին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: 168.am-ի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանը հավաստիացրեց, թե աշխատանքից ազատվելու դիմում ինքն է գրել` ակտիվ հանգստի մեկնելու պատճառաբանությամբ.
«Ես դիմում եմ գրել աշխատանքից դուրս գալու և գնում եմ ակտիվ հանգստի: Ես ցանկացա դուրս գալ ու դուրս եկա, դիմեցի Հանրապետության նախագահին, գրեցի` պարոն նախագահ, խնդրում եմ հարգեք իմ դիմումը՝ աշխատանքից դուրս գալու մասին: Հասկանո՞ւմ եք` տարիքս ա մեծ, առողջական վիճակս ոչինչ ա, բայց ես ուզում եմ ավելի լավ լինի` ակտիվ հանգստանամ: Այսքան տարի է՝ ես աշխատում եմ: 44 տարի է՝ պետական տարբեր ծառայություններում եմ աշխատում և տարբեր ոլորտում` հոգնել եմ»:
Մեր դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ Ս. Սարգսյանն է որոշել Ձեզ հեռացնել պաշտոնից, նա այսպես արձագանքեց. «Ասածներս հիմք ընդունեք` ես կոչումով գեներալ մարդ եմ: Որևէ մեկն ինձ չի ասել՝ դիմում գրեք, որևէ մեկը դժգոհ չի եղել իմ աշխատանքից: Ընդամենը ես ցանկացել եմ մի քիչ հանգստանալ, որովհետև շատ ծանրաբեռնված աշխատանք է մարզպետի աշխատանքը, շատ պատասխանատու` բազմաթիվ պրոբլեմներով, խնդիրներով լի»:
Մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Ձեզ փոխարինելու է Արամայիս Գրիգորյանը, նա դժվարացավ պատասխանել. «Վաղը չէ մյուս օրը զանգեք` կպատասխանեմ: Հիմա էտ հարցին չեմ կարող պատասխանել` դեռ վաղ է խոսել դրա մասին»: