Գուրգեն Եղիազարյանի առաջարկը` ՀՀԿ-ին. «Երբ իրենց կուսակցությունից կազինո մարդ են ուղարկում…»
«Ասեմ, որ ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում. նա բարձրաձայնել է մի բան, որը շուրջ 10 տարի շրջանառության մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց նախկին Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի հարցի մասին:
«Էս մենք նոր իմացա՞նք, որ, ասենք, կազինո կա, Սերժ Սարգսյան կա, անընդհատ դրա մասին խոսել են, պարզապես գումարն է գնալով աճում, դա է վատը: Այս առնչությամբ ՀՀԿ-ին առաջարկում եմ` երբ իրենց կուսակցությունից կազինո մարդ են ուղարկում, գոնե թող պարապել տան մի աճպարարի հետ, որ շատ տանուլ չտա, որովհետև առանց այդ էլ արդեն 60 տոկոս աղքատ բնակչություն ունենք: Հնարավոր է, չէ՞` մարդու հետ մի քիչ մարզվեն, հետո նոր ուղարկեն եվրոպաներ… Եթե էդ մարդը խաղամոլ էր, հո էսօր չդարձա՞վ, այդ մասին խոսում են շուրջ 10 տարի: Զարուհին ոչ մի նոր բան չի ասել, ընդամենը կրկնել է իր մեծերի խոսքը »,- շարունակեց Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով ավելի լուրջ` Գ.Եղիազարյանը նշեց մի քանի կետեր, որոնք, ըստ նրա, տարօրինակ են և անհասկանալի` կապված Զարուհի Փոստանջյանի հարցի հետ: Ազգային ավնտանգության ծառայության նախկին պետի տեղակալը կարծիք հայտնեց, որ որևէ գործչի` խաղատուն այցելելու վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսք կարող էր տեղի ունենալ միայն եվրոպական հատուկ ծառայությունների իմացությամբ: Ըստ Գուրգեն Եղիազարյանի` Զարուհի Փոստանջյանի հարցը «Եվրոպայի արձագանքն է` Մաքսային միության անդամակցության դիմաց»:
«Ասացին` երբ Բադեն-Բադենում կամ ցանկացած այլ քաղաքի լուրջ կազինոյում որևէ մեկը խաղում է…այդ ինֆորմացիան կարող են տարածել միայն հատուկ ծառայությունները, որովհետև եթե մեկն իմանա, որ այդ կազինոյից ինֆորմացիա է դուրս գալիս, չի հաճախի այդ կազինո»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:
«Բայց այստեղ կա ևս մի բան, որը չեմ հասկանում. արդեն մեկ շաբաթ լրատվամիջոցները խոսում են ամեն ինչի մասին, սկսում են թղթախաղով և կազինոյով ավարտում են, բայց ուշադրություն չեն դարձրել Զարուհու ամենախայտառակ արտահայտության վրա: Չէ՞ որ նա իր խոսքը սկսեց նրանից, որ Սերժ Սարգսյանը կազմակերպված հանցավոր խմբակցության առաջնորդն է, ասում է` նա կրիմինալի ղեկավար է և գող, ով գողացավ ժողովրդի քվեն: Սրա մասին ծպտուն չկա, այսինքն բոլորդ ընդունել եք, որ սա նորմա՞լ է… Սոված երկրի նախագահը, ում երկրի բնակչության 50 տոկոսից ավելին աղքատ է: Եթե Բեռլուսկոնին մի գիշերվա մեջ կազինոյում դնի 170 միլիոն և դուրս գա, ոչ մեկի պետքը չի լինի, որովհետև նա միլիարդատեր է, բայց Սերժ Սարգսյանը որ եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:
Վերջինս մեկ այլ տարօրինակություն է համարում այն, որ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը Զարուհի Փոստանջյանին զիջել է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանին «զրպարտության» համար դատի տալու տեսակետին, սա Գուրգեն Եղիազարյանը խեղկատակություն համարեց:
«Զարուհին մոմ պիտի վառի, ասի` Տեր Աստված, ինձ դատի տան, որովհետև անմիջապես կդառնա Ժաննա դ´Արկ: Երկրորդը` Զարուհուն դատի տալուց առաջ պետք հիշել, որ Սերժ Սարգսյանի կողքը տարբեր տեսակի այդպիսի մարդիկ կան, ովքեր դրա մասին խոսել են սրանից 10-12 տարի առաջ: Թող նրանցից սկսեն, հետո եթե հասնեն Զարուհուն, կպատասխանի` կրկնել եմ Արտաշեսի (Արտաշես Գեղամյանի,-Ա.Ս.) ասածը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: