Տանձի օգտակար հատկությունները

Բուժիչ նամակներ

Երկիր մոլորակի վրա տարածված հնագույն բույսերից մեկն է։ Կա կարծիք, որ տանձի առաջին մշակովի տեսակները բուծվել են հին Պարսկաստանում և Հունաստանում։ Անհերքելի փաստ է, որ տանձի որոշ տեսակներ հնագույն ժամանակներից մշակվել են Հայաստանում. օրինակ, տանձենի Թախտաջյանի տեսակը հանդիպում է միայն Կենտրոնական և Հարավային Այսրկովկասում, ՀՀ Արարատի մարզում (Խոսրովի անտառ, Միլի գետի հովիտ, Ալիմարդան)։

Կովկասի անտառներում, գրեթե ՀՀ բոլոր անտառների տարբեր հողակլիմայական պայմաններում աճում է տանձենի Կովկասյանը (Pyrus caucasica)։ Ավելի մեծ տարածում ունի տանձենի սիրիականը` Փոքր Ասիա, Կովկաս, Կիպրոս, Սիրիա, ՀՀ Վայքի և Մեղրու վերին լեռնային գոտու կաղնեբոխային անտառներում։ Խոսրովի անտառում, Գեղարքունիքի, Արագածոտի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լուսավոր, չոր անտառներում և քարքարոտ լանջերին աճում է տանձենի ուռատերևը (P. sali cifolia), որը տարածված է Հյուսիսային Իրանում և Կովկասում։

Ըստ հնէաբանների` տանձենի Թախտաջյանը մեր հեռավոր նախնիների համար հանդիսացել է որպես արժեքավոր պտղատու տեսակ։ Տանձենու մյուս վերոգրյալ տեսակները և հատկապես կովկասյանը մեծ հետաքրքրություն են ներկայացնում տանձենու նորանոր մշակովի տեսակներ ստանալու համար։

Ըստ ժամանակակից դասակարգման` բնության մեջ աճում է տանձենու 33 տեսակ, որոնցից մեկն անվանվել է P. armeniacifolia։

Տանձենու բնափայտը շատ արժեքավոր է, ժամանակի ընթացքում ստանում է մուգ շագանակագույն սաթի երանգ։ Փայտանյութի, ինչպես նաև տանձենու պտղի մեջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքից։
Տանձենու պտուղներից պատրաստում են կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եվրոպայում հայտնի է Շվեյցարիայում պատրաստվող տանձի դոշաբը։

Քիմիական բաղադրությունը
Տանձենի սովորականի պտուղը պարունակում է ճարպեր (120 մգ` 100 գ հումքի մեջ), որոնց մոտ կեսը միաչհագեցած և բազմաչհագեցած ճարպեր են, և չի պարունակում խոլեստերին։
Բարենպաստ են կալցիումի (9 մգ` 100 գ հումքի մեջ), մագնիումի (7 մգ), ֆոսֆորի (11 մգ), կալիումի (119 մգ) փոխհարաբերակցությունները, տանձի պտղի և տերևի եփուկներն օգտակար են օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում։ Տանձը խորհուրդ է տրվում ուտել ճաշելուց 30-40 րոպե հետո։ Տանձի մեջ համեմատաբար քիչ է նատրիումը (1-2 մգ), այն նպաստում է աղի և դժվարամարս ուտեստների յուրացմանը։

tandz01

Տանձը պարունակում է մոտավորապես հավասար քանակի պղինձ և ցինկ (0,08 մգ և 0,1 մգ` 100 գ հումքի մեջ, 0,17 մգ երկաթ, 4,2-10 մգ ասկորբինաթթու և 5 մկգ վիտամին K, որոշ տեսակներում` զգալի քանակությամբ ֆոլիաթթու, այլ վիտամիններ։
Չորացրած, հատկապես անտառային տանձենիների պտուղները շատ օգտակար են գիրության, շաքարային դիաբետի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման դեպքում, այս հիվանդությունների բուժման համար հարկավոր է ցինկ, կարևոր է, որ տանձի մեջ նաև պղինձ է պարունակվում, քանի որ այդ երկու տարրերը (Cu և Zn) անտագոնիստներ են։

Պղինձը և ֆոլիաթթուն նպաստում են երկաթի յուրացմանը
Տանձենու պտուղը պարունակում է 0,4 տոկոս սպիտակուցներ, 2,5-3 տոկոս բջջանք, 0,33 տոկոս ոչ օրգանական նյութեր, մինչև 10 տոկոս շաքարներ, հիմնականում` մրգաշաքար, որի յուրացման համար ինսուլին չի պահանջվում։
Տանձի պտղում պարունակվում են մոտ 0,3 տոկոս օրգանական թթուներն, հիմնականում` խնձորաթթու), որը 2 անգամ քիչ է, քան լոլիկում, դեղձում, 2,5 անգամ քիչ է, քան խաղողում, և ավելի քան 4 անգամ քիչ է` քան ծիրանի, սալորի, բալի, խնձորի մորու, սև հաղարջի պտուղների (հատապտուղների) մեջ և այլն։ Նման առանձնահատկության շնորհիվ` տանձը տրոհում է երիկամների օքսալատային և ուրատային քարերը։

Ժողովրդական դեղատոմսեր
Հայ բժշկապետերն արաբական արշավանքների ժամանակներից օգտագործել են տանձի պտղից ստացված պատրաստուկները` որպես վերքամոքիչ, ջերմիջեցնող միջոց, բուժել են թոքերի հիվանդությունները, կոկորդի ցավը։ Իմացել են, որ տանձը հագեցնում է ծարավը, դադարեցնում է սրտխփոցները, ամրացնում է սիրտը և ստամոքսը, պակասեցնում է դեղին մաղձը։ Ամիրդովլաթը գրել է. «Տանձի սերմերը ճիճվաթափ հատկություն ունեն, տերևներն օգնում են փափուկ խոցերի դեպքում։

Թթու տանձը ամրացնում է օրգանիզմը։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձն օժտված է չորացնող հատկությամբ։ Ասում են, որ տանձի վրայից չի կարելի ջուր խմել։ Տանձը վնաս է խիթերի դեպքում։ Օգնում է լուծի դեպքում և օգտակար է ստամոքսի համար։ Եթե տանձը չորացնեն, եփեն և ջուրը խմեն, լուծ կառաջացնի»։
Շագանակագեղձի բորբոքում. Մանրացրեք տանձի չիրը։ 150 գ հումքը 10 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։ Նույն կերպ բուժվեք միզաքարային հիվանդության դեպքում, խմեք ուտելուց առաջ։
Անեմիա. 300-400 գ տանձը մանրացրեք, խառնեք 15-20 գ մեղրի հետ։ Կերեք 100 գ` օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։
Ցիստիտ. Կիսեք տանձը, վրայից ցանեք 1-2 գ շաքարավազ, եփեք ջեռոցում։ Կերեք օրը 300-500 գ։
Թոքախտ. 15 գ տանձի չիրը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 4 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սուր բրոնխիտ. 5 մլ մասուրի օշարակը լուծեք 200 մլ տանձի հյութի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։ Հազի դեպքում կերեք խաշած կամ ջեռոցում եփած տանձ։
Շաքարախտ. Խմեք 50-ական մլ տանձի հյութ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Սուր գլխացավ. Դրեք թրջոց տանձի թունդ եփուկով։
Սնկային հիվանդություններ. 150 գ տանձի տերևը 5 րոպե եփեք 500 մլ լ ջրում, քամեք, դրեք թջոց։
Սուր թունավորում. Յուրաքանչյուր ժամը մեկ կերեք 50-ական գ լավ հասունացած քաղցր տանձ։

Տեսանյութեր

Լրահոս