Լարված իրավիճակ՝ Վայոց Ձորում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը (լրացված)
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես նշված գյուղից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիները բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները: Գյուղացիներին ստիպում են, որպեսզի խաղողը վաճառեն իրենց գրոշներով այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով, իսկ հայաստանցի ցանկացած մարդ, ով գիտի խաղողի պատմությունը, չի հերքի, որ նշված «Արենի» տեսակի խաղողը համարվում է թիվ 1-ը ու չնչին գնով մթերելու պահանջը մթերող ընկերությունների կողմից կարելի է համարել անբարոյականություն: Գյուղացիներն այս պահին պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը, քանի որ հարցին լուծում չեն տալիս: Երեկ գյուղ է այցելել գյուղատնտեսության փոխնախարարը, սակայն նրա պատասխանները չեն գոհացնում գյուղացիներին: Այս պահին գյուղացիների հետ է բանակցում Վայոց Ձորի փոխմարզպետ Սամվել Հախվերդյանը, սակայն գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ հարցը կարող են լուծել միայն վարչապետն ու գյուղնախարարը: Այստեղ է նաև գյուղապետ Աշոտ Գալստյանը, ով ամպագոռգոռ հայտարարում է, թե «սաղ OK ա», ինչին գյուղացիները պատասխանեցին, որ «գյուղապետը նույնպես քամի է անում»: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել է, որ հավաքված ժողովուրդը գյուղից իջել է դեպի Երևան-Մեղրի միջպետական ճանապարհ, որտեղ նրանց առջև ոստիկանական մեծ պատնեշ է կանգնած, իսկ ներկա պահին գյուղացիների հետ արդեն բանակցություններ է վարում Վայոց Ձորի մարզպետը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ամբողջական հրապարակումը՝ shamshyan.com-ում