Էրդողանի կուսակցությունը 2015թ. ընտրությունների արդյունքներով ձգտելու է խորհրդարանում ստանալ առնվազն 367 տեղ. Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստվում է ընտրական համակարգի փոփոխմամբ ստանալ առնվազն 367 քվե: Դա ճանապարհ կհարթի իր համար նախընտրելի տեսքով սահմանադրական ուղղումների իրականացման համար, ինչը գլխավորապես վերաբերում է նախագահական համակարգին անցում կատարելուն:
2015 թվականի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: ԱԶԿ-ն պլանավորել է դրանց արդյունքերով խորհրդարանում ստանալ առնվազն 367 մանդատ (550 հոգանոց խորհրդարանի 2/3-ը, ինչն անհրաժեշտ է խորհրդարանում առաջ քաշված օրինագծերի հաստատման համար – 168.am):
Նման պարագայում ԱԶԿ-ն մտադիր է սահմանադրական ուղղումների հարցը միայնակ լուծել խորհրդարանում և գործը չհասցնել հանրաքվեի: Օրեր առաջ վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել էր ընտրական համակարգի վերաբերյալ երեք առաջարկ, որոնք բոլորն էլ հօգուտ ԱԶԿ-ի են:
Դրանցից մեկում առաջարկվում է չփոխել ներկայումս գործող 10 տոկոսանոց ընտրական շեմը, ինչի հաղթահարումը պահանջվում է քաղաքական կուսակցություններից՝ խորհրդարան ընկնելու համար: Մյուս առաջարկում խոսք է գնում ընտրական շեմը մինչև 5 տոկոսի նվազեցնելու մասին, իսկ երրորդ առաջարկում՝ ընտրական շեմը վերացնելու և շրջանային նեղ ընտրական հակամարգին անցում կատարելու մասին:
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԶԿ-ի համար առավել նախապատվելի է համարվում երկրորդ տարբերակը՝ ընտրական շեմը մինչև 5 տոկոսի նվազեցնելը, ինչն ԱԶԿ-ին հնարավորություն կտա խորհրդարանական հաջորդ ընտրությունների արդյունքներով մեծացնել իր պատգամավորների քանակը խորհրդարանում:
Ներկայումս ԱԶԿ-ն 550 հոգանոց խորհրդարանում ունի 327 պատգամավոր (խորհրդարանում հաստատման համար որևէ օրինագիծ առաջ քաշելու համար կուսակցությունից պահանջվում է խորհրդարանի 3/5-ը՝ առնվազն 330 պատգամավորական մանդատ – 168.am):
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Taraf-ը գրել էր, թե ԱԶԿ-ն ժամանակավորապես հրաժարվել է կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու գաղափարին, քանի որ դա հանգեցրել էր մյուս կուսակցությունների կատաղի հակազդեցությանը:
Ի դեպ, 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական (իր առաջին) ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել է 10.808.229 քվե՝ ընդհանուր քվեների 34.28 տոկոսը, որով և խորհրդարանում ստացել է 363 մանդատ:
2007 թվականի հուլիսի 22-ի խորհրդարանական վաղաժամ ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն արդեն հավաքել է 16.327.291 քվե՝ ընդհանուր քվեների 46.58 տոկոսը, որով և խորհրդարանում ստացել է 341 մանդատ։
Իսկ ահա 2011 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ը ստացել է 21.399.082 քվե՝ ընդհանուր քվեների 49.83 տոկոսը, որով և խորհրդարանում ստացել է 327 մանդատ։